Ձերբակալվել են «Սևոլ» նավի անձնակազմի բոլոր անդամները


11:08 , 26 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին Հարավային Կորեայում ձերբակալվել են 10 օր առաջ խորտակված «Սևոլ» նավի անձնակազմի ևս 4 անդամներ: Ասոշիեյթիդ Պրեսը գրում է, որ արդեն ձերբակալվել են անձնակազմի բոլոր անդամները:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել անփութության, ծովերում և գետերում փրկության և օգնության օրենքի դրույթների խախտման համար: Նավավետ Լի Ջուն Սոկին ցմահ ազատազրկում է սպառնում: Նա, խախտելով կանոնակարգը, առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը՝ ներկայանալով որպես ուղևոր:

«Սևոլ» նավի վրա 476 հոգի է եղել, որոնց մեծ մասն աշակերտներ էին: Զոհերի թիվը հասնում է 185-ի, 117-ն էլ անհետ կորած են: Փրկվել է 174 հոգի, այդ թվում, ողջ անձնակազմը:

Ողջ մնացածների խոսքով, անձնակազմը վթարի ժամանակ ոչ մի գործողություն չի ձեռնարկել մարդկանց տարհանման համար, այլ միայն կոչ է արել հանգստություն պահպանել և մնալ տեղում: Աղետի առաջին ազդանշանը ոչ թե անձնակազմն է տվել, այլ մի երեխա: