09:08 , 26 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Սպիտակ տունն անցած գիշեր հաստատել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ կլինեն մինչև երկուշաբթի՝ ապրիլի 28-ը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Վաշինգտոնի հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում պատրաստվող պատժամիջոցների վերաբերյալ:
Պատժամիջոցներն ընդլայնելու պատրաստակամության մասին հայտարարել են նաև G7-ի երկրները: Մասնավորապես, ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ G7-ը (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Կանադա) պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրություններ ապահովելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհայտարարեն մի շարք ռուս անձանց և ռուսական կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցները: Ինչպես սպասվում է՝ ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում կներառվեն 15 անձինք, ովքեր մասնակից են ուկրաինական իրադարձություններին: