«Չեմ կարծում, թե ոչ կոռեկտ եմ եղել». ՀՀ նախագահին զայրացրած ակադեմիկոս


02:48 , 26 ապրիլ, 2014

«Չեմ կարծում, թե ոչ կոռեկտ եմ եղել». ՀՀ նախագահին զայրացրած ակադեմիկոսAravot.am-ը ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանին խնդրեց մեկնաբանել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն արտահայտությունը, թե ԳԱԱ տարեկան ժողովում իր՝ Սեւանից ջուր բաց թողելու հայտարարությունը, որ զայրացրեց նաեւ ՀՀ նախագահին, ոչ կոռեկտ էր, եւ Ռուբեն Ջրբաշյանը իբր Սեւանի ջրերը «խառնել» է այլ ջրերի հետ:

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տա այդ արտահայտությանը, որովհետեւ չեմ գտնում, թե ոչ կոռեկտ եմ եղել: Ի՞նչ է նշանակում Սեւանի ջրերը խառնել եմ այլ ջրերի հետ: Իմ հարցադրումն այն էր, որ ջրերի մեծ տոկոսը կորչում է անվերադարձ, հիմա Սեւան է գնում, թե Արաքս է լցվում, ի՞նչ նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար»,-ասաց ակադեմիկոսը:

Հիշեցնենք, որ նա մտահոգություն էր հայտնել, թե չի կարելի թույլ տալ, որ Սեւանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլեւ ռազմավարական եւ հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է:

«Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենալ ջուր: Հարգելի ընկերներ, հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը»,- ԳԱԱ տարեկան ժողովում հայտարարել էր Ռուբեն Ջրբաշյանը:

Aravot.am-ի հետ զրույցում գիտնականը հավելեց, որ գոյություն ունի Սեւանի պետական հանձնաժողով, որի ղեկավարն է, իր ձեւակերպմամբ, շատ հարգված , շատ գիտելիքներ ունեցող Վլադիմիր Մովսիսյանը: «Նա թվերով, ամեն ինչով հանգամանալից կբացատրի, իսկ ես ինձ չեմ վերապահի դա անել: Այլ պարզաբանում եւ բացատրություն չեմ տա, թվերով ու փաստերով այլեւս ոչինչ չեմ ասի, որովհետեւ, կրկնում եմ՝ կան այդ հարցերով զբաղվող կոնկրետ մարդիկ: Իսկ եթե նրանք չեն զբաղվում, դա նրանց թերացումն է: Ինձ մնում էր հարցը եւս մեկ անգամ բարձրացնել, ընդգծել խմելու ջրի հետ կապված ընդհանուր խոսակցությունը, որ քաղցրահամ խմելու ջուրը մեր ապագայի ամենակարեւոր բնական հարստությունն է եւ այն պետք է աչքի լույսի պես պահպանել, սա էր ամբողջը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ