00:26 , 26 ապրիլ, 2014
Ինչպես օրեր առաջ խոստացել էի՝ անդրադառնամ մի երևույթի, որին առնչվեցի ջահերով երթի և ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ: Տվյալ պահին խոսքս այդ օրերին Ծիծեռնակաբերդին հարող տարածքում ծաղկավաճառությանն է վերաբերվում:
Բնականաբար, ծաղկավաճառությունը վատ բան չէ և ոչինչ չունեմ դրա դեմ: Եվ այդ օրն էլ պետք է ծաղիկներ վաճառվեն, որպեսզի հուշահամալիր բարձրացողները հնարավորություն ունենան այն ձեռք բերել: Բայց ...
Ինձ ցավ էր պատճառում, երբ տեսնում էի այդ օրերի գերավաճառքից խանդավառված ծաղկավաճառների հայացքները, հատկապես, երբ կողքից լսում էի՝ «ապեր, էս ինչ կպնել ա կպնում» արտահայտությունը ...
Չխոսեմ տվյալ պահին իմ ռեակցիայի մասին: Անդրադառնամ ավելի կարևոր հարցի:
Երբ բարձրացա հուշահամալիր, տեսա, որ հայոց վերածնունդը խորհրդանշող սյունակոթողը, որի վերանորոգումը դեռ անցյալ տարվանից էր սկսված, էլի կիսավարտ վիճակում էր:
Այստեղից միտք հղացավ. ինչու՞ Ծիծեռնակաբերդին հարող տարածքի ծաղկավաճառությունը չտրվի Ցեղասպանության թանգարանին (ենթադրում եմ, որ նա է հուշահամալիրի տարածքի պատասխանատուն), և որի շահույթից ձևավորվող միջոցները չծառայեցվեն հուշահամալիրի պահպանման, բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին:
Այդ դեպքում, անգամ ծաղիկների թանկ արժեքից չենք նեղվի, քանի որ գիտենք, որ դրանով նպաստում ենք օգտակար գործին:
Հուսամ, որ շահագրգիռ կողմերը հետևություն կանեն վերոգրյալից ...