«Ֆեյքերի դեմ» անվանումն ստացած նախագիծը 1 տարով հետաձգվեց ԶԼՄ-ների մտահոգությունների պատճառով


21:20 , 25 ապրիլ, 2014

Tert.am-ը գրում է.

Պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը մեկ տարով հետաձգվում է լրագրողական կազմակերպությունների ու խմբագիրների կողմից բարձրացված մտահոգությունների պատճառով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց օրենքի համահեղինակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ տրամաբանական էր նախագիծը մեկ տարով հետաձգելը, որովհետև մեր գործընկեր լրատվամիջոցները լուրջ մտահոգություն ունեին նախագծի առնչությամբ: Ի սկզբանե իմ՝ որպես նախագծի համահեղինակի համար գերակա է եղել մեկ նպատակ՝ փորձել կարգավորել անպատասխանատու խոսքի, զազրախոսության և վիրավորանքի խնդիրը: Եթե մեր գործընկերներ լրագրողները գտնում են, որ օրենսդրական նոր կարգավորման անհրաժեշտություն չկա, քավ լիցի, ինքս բացարձակ խնդիր չեմ տեսնում՝ պնդելու այս նախագիծը այս տարբերակով»,-հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ նախագծով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական կայքից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտիչ բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո լրատվամիջոցը անհապաղ, սակայն՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ