Ի՞նչ ունեցվածք է դիզել Արթուր Բաղդասարյանը վերջին 6 տարում


18:58 , 25 ապրիլ, 2014

Ի՞նչ ունեցվածք է դիզել Արթուր Բաղդասարյանը վերջին 6 տարումArmnewsTV.am-ը գրում է.

Անվտանգության խորհրդում իրարանցում է` միջանցքում ստորաբաժանումների ղեկավարներն են կուտակվել, ընդունարանում ՕԵԿ-ական պատգամավորներն են գնում-գալիս: Շեֆն է շտապ կանչել: Ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի սենյակում` տեսնել չստացվեց` նկարելու համար չէ` ասացին, իրերը խառն են, տեղաշարժվել են: Բրիֆինգի սրահն էլ է փոխվել: Մեծ սեղանը չկա, դրա փոքր ու համեստ տարբերակն է ընտրվել: Սրահում էլ շնչելու օդ չկա` 70 լրագրող ու 15 տեսախցիկ են սպասում հայտնի լուրի պաշտոնական հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանի աջ թևում կուսակիցներն են, ձախում` աշխատակազմը: Հենց տեղավորվեց, նախ նրանց շնորհակալություն հայտնեց, բոլորը շունչները պահեցին` հիմա կասի. « Հայտնում եմ իմ հրաժարականի մասին»: Երկրի 4-րդ պաշտոնից հրաժարվելու պատճառների փաթեթը ներքաղաքական է` Սահմանադրական բարեփոխումներ, ՍԴ որոշումը կուտակայինի վերաբերյալ, ՀՀ կառավարության հրաժարական, ՀՀ վարչապետի նշանակում ի վերջո: Մյուս պատճառն էլ ՀՀ Նախագահի հայտարարությունն է, որ չի հավակնելու ոչ ՀՀ Նախագահի, ոչ էլ ՀՀ վարչապետի պաշտոններին:

Այս ամբողջը ՕԵԿ ղեկավարն ի մի է բերել ու հայտարարում է` կոալիցիայում իրենց ներկայությունն անիմաստ է: Արթուր Բաղդասարյանը չի թաքցնում` թեև ՕԵԿ-ը լքում է կոալիցիան, բայց ՀՀ Նախագահն իրեն առաջարկել է շարունակել աշխատել այս պաշտոնում: Հրաժարվել է: Սերժ Սարգսյանն իմ ընկերն է` ասում է, բայց քաղաքականության մեջ Օրինացն ընտրում է իր ճանապարհը: Ընդդիմություն: Որոշմանը ՕԵԿ-ական պաշտոնյաները դեմ են եղել: Նախարարներն ու փոխմարզպետներն ասել են` ընդդիմադիր լինել չեն կարող և դուրս են եկել կուսակցությունից: Քառյակը հնգյակ կդառնա՞: ՕԵԿ նախագահը չբացառեց` գուցե և դառնա: Լրագրողներն Արթուր Բաղդասարյանին անցյալն են հիշեցնում: Մեկ իշխանություն է, մեկ ընդդիմություն: Երկրորդ անգամ նույն գետը ո՞նց է մտնելու: Գուցե մի օր էլ նորից հայտարարի` կոալիցիա է մտնում: Սա պայմանավորվածություն չէ՞: Ո՞ւմ հետ պայմանավորվեն, չկա ոչ մի պայմանավորվածություն` զարմանում է Արթուր Բաղդասարյանը: 

Աշխատասենյակը Արթուր Բաղդասարյանը կլքի հաջորդ շաբաթ, հետո կգնա ՀԱՊԿ ակադեմիա` խորհրդի նախագահի կարգավիճակով: Անմիջապես դուրս կգա ծառայողական ամառանոցից: Թեև մամուլը պնդում էր, որ այն հենց Բաղդասարյանի համար էր կառուցվել: Ու կգնա 3-սենյականոց բնակարան: Հատուկ է շեշտում` բնակարան, ոչ թե դղյակ: Իսկ հետո փոքրի տուն կկառուցի: 

Մյուս լուրը` ԱԱԽ քարտուղարի պաշտոնում Արթուր Բաղդասարյանը միլիոններ է դիզել: Թե այդպես լիներ, ասում է, հիմա մամուլն իրեն կբմբլեր: Ունի-չունի` մեկ մասնավոր ձեռնարկություն ունի: Վարկով է վերցրել, հիմա էլ վարկով է աշխատում... 

Մեկ ու կես ժամանոց ասուլիսի ավարտին էլ նորություն կա` Արթուր Բաղդասարյանը չի բացառում` 2018-ի նախագահական ընտրությանը գուցե առաջադրի թեկնածությունը: Չնայած ինչ իմանաս, ասում է, մինչև այդ այնքան ջրեր կհոսեն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ