Նիգերիական Պորտ-Հարքորթը ճանաչվել է 2014-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք


16:02 , 24 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Նիգերիայի Պորտ-Հարքորթ քաղաքը ճանաչվել է 2014-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը՝ նշված է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի կայքում:

ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը հայտնում է, որ քաղաքն այս պատվավոր կոչմանն արժանացել է կրթության ոլորտում հաջող ծրագրի համար, որը, մասնավորապես, ուղղված է երիտասարդությանը և ընթերցանության, գրավոր խոսքի մշակույթին և հրատարակչական գործունեության առաջընթացին:

Քաղաքին այս պատվավոր կոչումը շնորհելու հարցը որոշում է Ընտրական կոմիտեն, որում ընդգրկված են Հրատարակիչների միջազգային միության, Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս ծրագիրը սկսել է 2001 թվականին՝ Մադրիդի գրահրատարակիչների նախաձեռնությամբ, և հիմա իրագործվում է գրահրատարակիչների միջազգային խոշոր ասոցիացիաների աջակցությամբ:

Պորտ-Հարքորթը Գրքի համաշխարհային 14-րդ մայրաքաղաքն է: Ավելի վաղ այս կոչմանն արժանացել են Մադրիդը, Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անտվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, Լյուբլյանան, Բուենոս Այրեսը, Երևանը և Բանգկոկը: