13:23 , 24 ապրիլ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Թեհրանի Հայ դատի հանձնախումբը և «Հուսկե» կազմակերպությունը Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված անցկացրել են «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառում: Իրավաբան Թալին Բանդարին հայտնել է, որ 100-րդ տարելիցի շեմին համայն հայությունը ավելի ամրակուռ և վճռականորեն է պահանջում իր արդար իրավունքների իրականացումը։ Ընթերցվել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը, որը նա հնչեցրել էր ՄԱԿ-ի 68-րդ վեհաժողովում: Իրանում ցուցադրվել է նաեւ ֆիլմ Հայոց ցեղասպանության, Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած հակահայ քաղաքականության, Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ Սումգայիթի կոտորածների և Քեսաբում հայերի տեղահանության մասին:
Հաագայում նույնպես անցկացվել է երթ: Մասնակիցները կոչ են արել Հայոց ցեղասպանության ճանաչմանն այո ասել, իսկ Թուրքիայի մուտքին Եվրամիություն` ոչ: Նիդեռլանդներում ՀՅԴ երիտասարդական Գարեգին Նժդեհ կազմակերպությունը մոմավառություն է արել Թուրքիայի դեսպանության առջև: Նախատեսվում է նաև հավաք Ամստերդամի եկեղեցում: Ապրիլի 24-ին կբացվի նաև Ալմելոյի հուշահամալիրը: Այն Եվրոպայում ամենամեծ հուշահամալիրն է` կառուցված Հայաստանից բերված խաչքարերից:
Ուկրաինայի հայ համայնքը երկրի տարբեր հատվածներում նույնպես հիշատակի միջոցառումներով նշում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի կունենան հոգեհանգստի արարողություններ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն էլ նշել է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Ուկրաինայում Հայոց ցեղասպանության խնդրին, քանի որ այդ ուղղությամբ դեռեւս շատ գործ կա անելու: Ուկրաինայի հայերի միության 2014թ. առաջնահերթություններից մեկն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելն է: Ղրիմում նույնպես նախատեսվում է անցկացնել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շարք:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Թբիլիսիում պատմական նշանակություն ունի: Մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, բայց այն մինչեւ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ