13:16 , 24 ապրիլ, 2014
Դասագիրքը և իրականությունը
Եթե հավատանք պատմության դասագրքին, ապա մենք աշխարհի ամենախեղճ, ամենասուրբ ու ամենահերոսական ազգն ենք: Այն, ինչ ներկայացվում է մեզ, չի տալիս խորհելու և դատելու հնարավորություն. կոշտ ու փաստական արձանագրությունները միայն ծածկոցի դեր են խաղում, որոնք հմտորեն թաքցնում են հայի մեղքերը: Սակայն, երբ հրաժարվում ենք դասագիրքը անգիր անելու ձանձրալի պարտականությունից և հայացք ենք գցում իրականությանը մյուս կողմից, պարզ երևում է, որ այն ինչ ներկայացվում է դասագրքերում, կեղծ է ու հորինված:
Ցեղասպանությունից ի վեր հայ ազգը լաց ու կոծի մեջ է: Մենք չենք հասցնում նկատել, թե ինչպես ենք ծերանում ու նմանվում այն պառավներին, որոնց բան ու գործը ձեռքները ծնկներին զարկելն է: Երբ հանկարծ շեղվում ենք մեր հիմնական սովորույթից, օգնության է հասնում Ամենազոր Դասագիրքը, որը մեզ հուշում է, թե ինչպես պետք է ողբալ և միաժամանակ ինչպես պետք է հայհոյել:
Մինչ մենք 1915 թվականի ցեղասպանությունն ենք սգում, մեր հաջորդ սերունդները մեզ համար են երթ կազմակերպելու դեպի Ծիծեռնակաբերդ, քանզի ցեղասպանությունը դեռ չի ավարտվել ու շարունակվում է մինչև օրս: Մեր պատմության գորշ էջերի մեղավորը ո՛չ թուրքն է, ո՛չ վրացին, ո՛չ եվրոպացին, այլ մեղավորը հենց մենք ենք, որ հիմարաբար շարունակում ենք հանդուրժել այն Քաջ Նազարներին, ովքեր բախտի բերմամբ ընկել են վագրի վրա ու հեծնում են այն: Մեր պարտությունների ու դժբախտությունների մեղավորը մենք ենք, քանզի թույլ ենք տալիս, որ կոստյումով խամաճիկները ղեկավարեն մեզ և այստեղ-այնտեղ ծամածռվելով՝ ծախեն երկիրը:
Պատմությունը ցույց տվեց, որ նրանք ի զորու չեն երկիր ղեկավարելու և առանց մեր «Մեծն Հայրենասերների» միջամտության էլ մենք ավելիին կարող ենք հասնել: 451 թվականից ի վեր՝ Ավարայրի ճակատամարտից հետո առաջին անգամ՝ 15 դար անց, հայ ազգը նորից վեր կանգնեց ու համախմբվեց Ժողովրդական պատերազմի համար: Սարդարապատի հերոսամարտը ոչ թե մեր ԱՊՈՒՇ ու քծնող ղեկավարների միահամուռ ջանքերի արդյունքն է, այլ ժողովրդի հավաքական ուժի, քանզի հերոսամարտը ինքնին ժողովրդական, պարտիզանական ու կամավորական շարժում էր: Քաղաքական գործիչներն այն ժամանակ տարբերվում էին ներկայիս գործիչներից նրանով, որ, ըստ պաշտոնի, պետք է բեղեր ունենային: Իսկ կաշառքը, լիքը փորը ու փողը միշտ էլ առաջին տեղում են եղել: Պատմության դասագրքերը այլ բան են խոսում. դրանք կարծես կաշառված գովասանագրեր լինեն, որոնք գովերգում են ծույլիկ աշակերտներին: Մինչ ժողովուրդը պայքարում էր թուրքական զորքի դեմ, ղեկավարությունը թուրքիայում Էնվեր Փաշայի արքունիքի ճաշատեսակներով ու կահույքով էր հիանում: Բազմիցս թշնամու կողմից հարվածներ ստացած, բայց այդպես էլ խելքի չեկած մեր հայ գործիչները ոչինչ չսովորեցին, ավելին՝ ժամանակ առ ժամանակ ղեկավարության մոտ այն համոզմունքն էր գոյանում, որ թուրքերը այս անգամ հաստատ չեն ստում: Եվ ինչպիսի՜ սուրբ միամտություն՝ հիմարության հոմանիշ: Սարդարապատի հերոսամարտը առաջին հաղթանակն էր մեր թիվ ու հաշիվ չունեցող պարտություններից հետո: Դասագրքում ներկայացվող տվյալների կողքին չի նշվում, թե ինչո՞ւ 1918 թվականի մարտի 12-ին ընկավ Էրզրումը, ապրիլի 5-ին՝ Սարիղամիշը, ապրիլի 25-ին՝ Կարսը, մայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ: Դասագրքերում չի խոսվում, որ մենք պարտվում էինք, պարտվում, պարտվում ոչ թե այն պատճառով, որ քիչ էինք, որ ռազմամթերք չունեինք, որ մարտադաշտում դիրքը լավ ընտրված չէր, այլ այն պատճառով, որ վախկոտներն էին մեզ ղեկավարում, թույլ ու շահամոլ մարդիկ, ովքեր ապիկանության և անկարողության իսկական դրսևորումներ էին: Մենք նրանց ձեռքերում էինք (շարունակում ենք լինել), ովքեր հայ ժողովրդի Սարդարապատում տարած հաղթանակի մասին իմացան միայն մի քանի օր անց՝ այն էլ թշնամուց: Իհարկե կային և լավերը, հայրենասերները, բայց նրանց յուրաքանչյուր գործ դատապարտվում էր ու մերժվում:
Պատմության դասագքրում մեր գործիչները իսկական ՆԺԴԵՀ-ներ են, թուրքերը՝ խուժան ու բռնակալ, հայ ժողովուրդը՝ մարտնչող, եվրոպացիները՝ խաբեբաներ են, ովքեր խոստանում են, թե կգան և կազատագրեն մեր հայրենիքը, բայց այդպես էլ չեն գալիս, մեր հարևան երկրները շահամոլ են, քանզի իրենց խեղճ ու կրակ հարևանին օգնելու փոխարեն՝ իրենց շահի հետևից են վազում: Իսկ իրականությունը այլ է. իրականություն այն է, որ մենք մինչև օրս ցեղասպանվում ենք, քանզի նույն ենք մնացել ու մեր չտարբերվող հասարակությունից նորից ծնունդ են առնում այն իշխանավորները, ովքեր միայն բեղերով են տարբերվում այն ժամանակի իշխանավորներից: