00:40 , 24 ապրիլ, 2014
Այսօր վատ առիթի հետ կապված մի բանի համար ուրախ եմ: 2010 թվականից Էջմիածնում ապրիլի 23-ի երեկոյան անցկացվում է մոմավառություն երթ: Նախաձեռնության հեղինակը Էջմիածնի քաղաքապետարանի ուսանողական խորհուրդն է. այն կազմակերպվում է Երիտասարդ Երկրապահի Էջմիածնի տարածքային բաժանմունքի հետ համատեղ: Երթին մասնակցում են տարածաշրջանի բազմաթիվ անհատ երիտասարդներ, երիտասարդական կառույցներ, դպրոցականներ, ուսանողներ: Երթի մասնակիցները ավանդաբար սկսում են քայլել Հռիփսիմեի վանքից մինչև քաղաքի հրապարակ: Ի՞նչը դուր եկավ ինձ: Նախ սկսեմ նրանից, որ առաջին անգամ, երբ կազմակերպում էինք այս միջոցառումը, մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին: Այժմ մասնակիցների մեծամասնությունը կազմում են դպրոցահասակ պատանիներ: Պատանիներ, որոնք ծիծաղելով չեն գալիս, որոնք արևածաղիկով չեն գալիս, որոնք քաջ գիտակցում են՝ ինչ է կատարվել, և հստակ հասկանում են իրենց դերը ազգային խնդիրների լուծման մեջ: Այս պատանիներին տեսնելիս հիշում եմ Նժդեհի խոսքերը և ասում, որ մեր ազգը ունի ապագա: Այս պատանիների դեմքին չկա եղեռնի վախը, չկա ցեղասպանվածի բարդույթը, այլ՝ հատուցման ու վրեժի անհագ ծարավ: Նրանք չեն վախենում թուրք մսագործ ասքյարից, նրանք չեն թույլ տա նոր կոտորած: Մի խոսքով, հպարտ եմ և ուրախ, որ մեր՝ երիտասարդներիս հետևից գալիս է լավ սերունդ, իսկական հայ տեսակն է գալիս: