Երևանյան դիտարկումներ


12:03 , 20 հուլիս, 2012

Երևանում շոգից դժգոհում են: «Շոգ չէ»,- ասում եմ ու ամբողջ օրս կենտրոնի փողոցներում թափառելով: Իսկական շոգը զգացի այսօր, բայց էլի չխանգարեց. հանգիստ քայլում էի արևի տակ՝ չորացնելով Գերմանիայի անձրևներից խոնավացած ոսկրերս: Հիմա հասկանում եմ, թե ինչու են ազգականներս նախընտրում ամռանը Հայաստան գալ: «Մենք առանց արևի չենք կարող,- ասում էին,- հենց ամառը գա, դու էլ կզգաս»:

Երևանում շատ բան է փոխվել: Ավտոբուսներում հաճախ եմ տեսնում կարդացող երիտասարդների: Սրճարաններում մենակ նստած մարդիկ այլևս հազվադեպ չեն հանդիպում, ու ոչ ոք նրանց թարս չի նայում: Շատացել են նաև սրճարաններում գրողները: Մի ժամանակ տարօրինակ էի թվում, երբ նստում էի փոքր Յամի բարձր աթոռներին ու անկապ գրում: Փոքր Յամը չկա, ես էլ հասարակական վայրերում ավելի քիչ եմ գրում:

Երևանի դալաններում սիրուն նկարներ կան: Արևելյան Գերմանիայի տգեղ շենքերը նկարազարդված են, ու միշտ մտածում էի՝ ինչ լավ կլիներ, որ մեր քաղաքում էլ նման բան անեին: Երևանի նկարները շատ ավելի սիրուն են:

Երևանում անգամ Լիլիթ Բլեյանի երգերն են ուրիշ կերպ հնչում: Ձայնակցում եմ շշուկով, որովհետև գիտեմ՝ մարդիկ նայելու են: Ու անգամ էդ նայելն է հաճելի:

Երևանում անպայման կտեսնես այն մարդկանց, որոնց ուզում ես տեսնել: Կտեսնես պատահաբար կամ պայմանավորվածությամբ ու կհասկանաս, որ հրաշալի մարդիկ են ապրում Երևանում: 

Երևանում գիշերները փողոցները մարդաշատ են ճիշտ այնպես, ինչպես Բեռլինում: Բայց Երևանում մարդիկ ընդամենը զբոսնում են, ոչ թե փաբերում հարբում:

Վերադառնում եմ տուն հոգնած ոտքերով ու Երևանին սիրահարված, ինչպես երբեք: Քիչ է մնում՝ թողնել Գերմանիայի տունս իմ իրերով հանդերձ, թողնել ուսումս ու բանկային հաշիվներս, ջնջել բոլոր տոմսերս (որովհետև դրանք էլեկտրոնային են) ու մնալ Երևանում: Բայց հաջորդ վայրկյանին հիշում եմ, որ էստեղ ամառը հավերժ չէ: