ՀՀ ԶՈՒ համալրվել է հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներով


15:44 , 23 ապրիլ, 2014

Ադրբեջանի կողմից սպառազինության մեծածավալ գնումների ու առաջնագծում դրսևորվող ակտիվության պայմաններում կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ու ընդհանուր դիմակայության մեջ առավելություն ձեռք բերելու համար:

Հանրապետության նախագահի` ՊՆ կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները ներկայացրել են ոլորտում իրականացվող հիմնական աշխատանքները:

Պայմանականորեն ՊՆ-ից եկող հիմնական մեսիջները բաժանենք երեք խմբի՝

Առաջին, ՊՆ կատարած այցի շրջանակներում, նախագահին ներկայացվեց ռազմաարդյունաբերական համալիրի թողարկած արտադրանքը, որոնք աստիճանաբար համալրում են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը: Հայրենական արտադրության կազմակերպումը ոչ միայն խթան է տնտեսության զարգացման, այլև գիտական ներուժի օգտագործման տեսանկյունից: Հեռանկարում Հայաստանում արտադրվող ռազմաարդյունաբերական սպառազինության արտահանումն է` նվազագույնը ՀԱՊԿ անդամ երկրներ:

Երկրորդ, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով»:

Առաջնագծում տեղակայված մարտական հենակետերն ու ինժեներական կառույցները մշտական արդիականացման կարիք ունեն, որի նպատակն այնպիսի կանխարգելիչ քայլերի իրականացումն է, ինչը անհնարին կդարձնի հակառակորդի ներթափանցում սահմանագծի հայկական հատված, ինչպես նաև` հնարավորինս անվտանգ կդարձնի մարտական դիրքերում ծառայություն կրող անձնակազմերի անվտանգությունը:

Երրորդ, դեռ նախորդ տարի ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցների ձեռք բերման մասին: Եվ ահա, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է, որ «ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները»:

Ադրբեջանի համար ռազմական բյուջեի շարունակական աճն ու մեծաքանակ գնումները նաև արդյունավետ միջոց են ակտիվ քարոզչական քաղաքականություն իրականացնելու համար, հասկանալի է, սակայն երբեք պետք չէ թերագնահատել հակառակորդին` համարելով, որ այդ ձեռքբերումները միայն քարոզչական նպատակներին են ծառայելու:

Ադրբեջանի կողմից, ռազմական ոլորտում ցանկացած խոշոր գործարք կամ քայլ` անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ է այն մատուցվում, պետք է լուրջ վերլուծության ենթարկվի ու ըստ այդմ` համապատասխան քայլեր ձեռնարկվի: