Իրանահայ երգիչ Արազ Դարեն՝ Արազ Թորոսյանը, վերջին շրջանում չի երևում հայաստանյան եթերում: Երկրպագուներն անհանգստանում են, որ տևական ժամանակ է՝ Արազը նորություններով հանդես չի եկել: Life.panorama.am-ը զրուցել է երգչի հետ և պարզել՝ որտեղ է նա այժմ ապրում, ինչով է զբաղված և ինչ անակնկալներ ունի երգիչը՝ երկրպագուների համար:
-Արազ, հիմա դուք Իրանում եք ապրում, թե՞ Հայաստանում. որտե՞ղ եք ավելի շատլինում:
-Մոտ մեկ տարի է՝ աշխատանքի բերումով ավելի շատ լինում եմ Թեհրանում, քան Երևանում:
-Իսկ ինչո՞ ւ չեք երևում հայկական եթերում:
-Նորություններ չեն եղել, որ երևալու առիթ ունենամ, և, իհարկե, բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում ուղղակի ու անիմաստ զբաղեցնել էկրանը:
-Այս պահին երաժշտական ի՞նչ գործունեությամբ եք զբաղված:
-Ներկա պահին սերիալների ու կինոնկարների լրացուցիչ էպիզոդների երաժշտություններ եմ պատրաստում: Օրինակ՝ իմ արած վերջին աշխատանքներից մեկը հեռարձակվում է FARSI 1 ալիքով: Իհարկե, զուգահեռաբար մի շարք երգիչների համար երգեր եմ գրում, զբաղվում եմ նաև գործիքավորմամբ:

-Իսկ ձեզ համար երգեր գրո՞ւմ եք:
- Ես Կոնսերվատորիայի սան եմ, և, բնականաբար, գրում եմ և´ իմ, և´ ուրիշների համար: Իսկ արդյոք ունկնդրին դուր կգա, թե ոչ՝ չգիտեմ. ժամանակը ցույց կտա: Իդեպ, շուտով պատրաստ կլինի իմ հեղինակային երգերի ձայնասկավառակը:
