21:45 , 22 ապրիլ, 2014
Շվեդ թագավոր Գուստավ III-ը, ով XVIII դարում կառավարում էր երկիրը, լիովին համոզված էր, որ թեյն ու սուրճը մեծ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին: Որպեսզի նա պահպաներ իր ենթակաների առողջությունը, թագավորը բազմաթիվ անգամ օրենք էր ընդունել՝ այդ ըմպելիքների օգտագործումն իր երկրում նվազացնելու կամ ընդհանրապես արգելելու նպատակով:
1746թ.-ին ընդունված օրենքի համաձայն՝ սուրճի և թեյի սիրահարները պետք է մեծ հարկեր վճարեին: Որոշ ժամանակ անց սուրճն ընդհանրապես արգելվեց, սակայն ապօրինի օգտագործումը շարունակվում էր:
Այդ ժամանակ զայրացած միապետը որոշեց ակնառու օրինակով համառներին ցուցադրել իր ճշմարտացիությունը: Փորձարկման համար երկվորյակ եղբայներ էին ընտրվել, ովքեր մահապատժի էին դատապարտվել ծանր հանցագործությունների համար: Մահապատիժը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ, սակայն մի պայմանով: Դատապարտվածներից մեկը պետք է ամեն օր մեծ չափաբաժնով սուրճ ըմպեր, իսկ մյուսը՝ նույն քանակությամբ թեյ: Ահա այսպիսին էին «դաժան» փորձարկման պայմանները:
Նրանց առողջական վիճակին հետևելու համար արքան երկու բժիշկի հրամայել էր կանոնավոր կերպով տեղեկություն հայտնել փորձարկման մասին:
Տարիներ էին անցնում, սակայն լուրեր, որ հանցագործները մահացել են սարսափելի տառապանքներից, չէին ստացվում: Նախքան փորձարկման ավարտը, մահացել էր բժիշկներից մեկը: Մի քանի տարի անց հանգուցյալների շարքին դասվեց նաև մյուս բժիշկը:
Գուստավ III-ը սպանվել էր 1792թ.-ի մարտի 16-ին՝ Շվեդիայի թագավորական օպերայում: Թագավորը դարձել էր դավադրության զոհ:
Մինչ այդ, դաժան մահվան դատապարտված հանցագործ եղբայրները շարունակում էին օգտագործել «մահացու» ըմպելիքները: Նրանցից առաջինը՝ թեյ խմող եղբայրը, մահացավ 83 տարեկանում, իսկ մյուսը մի քանի տարի անց: Նրանք կարողացան ավելի երկար ապրել, քան երկրի թագավորը և գիտնական բժիշկները:
Չնայած, որ փորձարկումը ձախողվեց, Շվեդիայում սուրճ ըմպելու արգելքը գործեց մինչև XIX դարի 20-ական թվականները: Ընդ որում, երկրի բնակիչները շարունակում էին անօրինաբար օգտագործել այդ ըմպելիքը: Վերջնականապես արգելքը հանվեց 1822թ.-ին: