Մեծ Հայքի 15 նահանգներն ու գավառները. Տայք


11:32 , 22 ապրիլ, 2014

 

Տայք՝ Մեծ Հայքի 14-րդ նահանգը։
Հյուսիսից սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հյուսիս–արևելքից՝ Գուգարք, արևելքից և հարավից՝ Այրարատ, հարավ–արևմուտքից և արևմուտքից՝ Բարձր Հայք նահանգներին։
Տայքը մտել է Մեծ Հայքի կազմի մեջ և Արտաշեսյանների և Արշակունիների օրոք։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թթ. Հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ V–VIդդ. Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591թ–նի Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։ VIIդ. կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնված Հայաստանի կազմուն։ VIIդ. վերջին և VIIIդ. սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողների հալածանքներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, VIIIդ. վերջին անցել են Բագրատունիներին։ Xդ. Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001–ին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։ 1071թ–ի Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։ XIIդ. վերջին և XIIIդ. սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը ազատագրել են Տայքը։ Թաթար–մոնղոլական նվաճումներից և վրաց Բագրատունյաց թագավորության քայքայումով հետո, Տայքը մնացել է Ճաղի աթաբեկության կազմում։ 1590–ի թուրք–պարսկական պայմանագրով Տայքը անցել է Օսմանյան կայսրությանը։ XVII-XVIIIդդ. Տայքի հայ բնակչությունը ենթարկվեց բռնի մահմեդականացման։ Դավանափոխությունից հրաժարվողները ոչնչացվեցին, եկեղեցիները ավերվեցին։ XVIII-XIX դդ. դավանափոխ հայերին պարտադրվեց նաև թուրքերենը։ 1877-78–ի ռուս–թուրքական պատերազմից հետո Տայքի մի մասը անցավ Ռուսական կայսրությանը։ Թուրքացած բնակիչները մեծամասամբ գաղթեցին Օսմանյան կայսրություն։ Տայքում բնակվեցին նաև Արևմտյան Հայաստանից եկած հայեր։ 1918-20–ին Տայքի մի մասն անցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը, սակայն այդ տարածքները Թուրքիայի կողմից գրավվելուց հետո տեղի հայերը ենթարկվեցին թուրքական կոտորածներին ու բռնություններին, փրկվածները գաղթեցին Անդրկովկաս։

Տայքի նկարագրությունը ,Աշխարհացույց»-ում
Տասնչորսերորդ [աշխարհն է] Տայքը, Գուգարքին հարևան, ամրոցներով ու բերդերով հարուստ, ունի ութը գավառ. Կող [գաւառ] արևելյան մասում, որտեղից բխում են Կուր գետի աղբյուրները Կրիակունք կոչված գյուղից։ Եվ Կուր գետը [այստեղից] հոսում է դեպի արևմուտք Արտահան երկայնանիստ գավառով, ապա դառնում է դեպի հյուսիս և իջնում է Սամցխե [գավառը], որից հետո դառնում է դեպի արևելք մինչև Կասպից ծովը։ Իսկ Կող գաւառից արևմուտք գտնվում են Բերդացփոր, Պարտիզացփոր, Ճակք, որից արևելք և հարավ [գտնվում են] Բուղխա, Ոքաղե և Ազորդացփոր գավառները իրենց [համանուն] գետակներով, որոնք խառնվելով իրար՝ թափվում են Վոհ գետը։ Այս գավառներից արևմուտք է Արսյաց փոր [գավառը]՝ Պարխար լեռների փեշերին, որտեղից հոսում է Վոհ գետը, որը, գալով Սպեր [գավառից], անցնում է Թուխարք բերդով Կղարջք [գավառը], այստեղից էլ՝ Եգր [աշխարհ]՝ Նիգալ, Մրուղ և Մրիտ գավառներով հոսելով, թափվում է Պոնտոսի ծովը, որը եգերացիները կոչում են Ակամսիս, իսկ Խաղտիք՝ Կակամար։ Տայքում կա թուզ, թթու նուռ, աղտոր, սերկևիլ, պտղախունկ և նուշ»:

 

Կող, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։
Տեղակայված է Կուր գետի ակունքների (Կրիակունք) լեռնահովտային շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքի Արդահան, արևելքից` Այրարատի Վանանդ, հարավից` Տայքի Բերդաց փոր և արևմուտքից` Ճակք գավառներին։ Ենթադրաբար նույնացվում է ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կուլխային։ Գավառում գտնվել է Կրիակունք ավանը։
Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Վաղարշակ թագավորը Կողում հիմնել է այգիներ և ծաղկաստաններ, այն դարձրել արքունի ամառանոց և որսարան, իսկ նրա որդի Արշակի գահակալման ժամանակ Կովկասից խուժած բուլղար ցեղերը հաստատվել են Կողի հարավային արգավանդ, հացառատ դաշտում։ Ըստ Ղևոնդ պատմիչի՝ արաբական հալածանքներից խուսափող 12 հազար հայեր, Ամատունյաց իշխան Շապուհի և նրա որդի Համամի առաջնորդությամբ, 789թ. Կողում հաղթել են հետապնդող թշնամուն և անցել Խաղտիք։ IX դարի 2-րդ կեսին Կողը անցել է Աբխազական թագավորությանը, սակայն Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին (890-914թթ.) այն վերամիավորել է Հայաստանին։ X դարի 2-րդ կեսին Կողը մտել է Տայքի կյուրապաղատության, XIդ. սկզբից` Բյուզանդական կայսրության, XII դարի վերջից` Վրացական թագավորության մեջ։ XIII դարի 1-ին կեսին Կողը նվաճել են թաթար-մոնղոլները, XVIդ.` օսմանյան թուրքերը։
1877թ. անցել է Ռուսաստանին (մոտավորապես համապատասխանում էր Կարսի մարզի Արդահանի օկրուգի Գյոլի տեղամասին)։ 1918թ. թուրքական բռնազավթումից հետո Կողի հայերի մի մասը զոհվել է, փրկվածներն ապաստանել են Անդրկովկասում։ 1919թ. ապրիլին, Կարսի մարզի կազմում, անցել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն քեմալական Թուրքիան 1920թ. հոկտեմբերին կրկին զավթել է մարզը, որը 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով տրվել է Թուրքիային։


Բերդաց փոր, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։


Պարտիզաց փոր, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։
Պարտիզաց փոր գավառը գտնվում է Ուխտիքի Պարտեզ վտակի վերին և միջին հոսանքների շրջանում։ Կենտրոնն էր Պարտեզ ավանը։ Արևելքից Կարմիր Փորակ (այժմ`Սողանլու) լեռներով բաժանվում էր Այրարատ նահանգի Վանանդ գավառից, հարավից` Մեծրաց լեռներով` Բասեն և Աբեղյանք գավառներից, հյուսիսից սահմանակից էր Բերդաց փոր, արևմուտքից` Բոխա գավառներից։ Ըստ Ս.Տ.Երեմյանի, գավառն զբաղեցրել է 662 քկմ տարածություն։
Ճակք, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։
Բուղխա, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։
Ոքաղէ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։
Ոքաղե կամ Ոքաղ գավառի մասին տեղեկությունները կցկտուր են։ Այստեղ են գտնվում Ղազար Փարպեցու հիշատակած Գեղիկր Վարդաշեն գյուղերը (Բասենի սահմանակցությամբ)։ Ս. Երեմյանի կարծիքով, ոքաղեն ընդգրկել է Ազորդ (այժմ՝Թորթում) գետի վերին և միջին հոսանքի շրջանները։ Համապատասխանում է այժմյան Թորթում գավառին։
Ազորդաց փոր կամ Ազորդ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։ IV-VIII դարերում եղել է Մամիկոնյանների սեփականությունը։ Կենտրոնը` Ազորդ։ X դարում, երբ Ազորդաց փորը Տայքի կյուրապաղատության կազմում էր, հայ բնակիչների մի մասը հարել է քաղկեդոնականությանը, Օշկ, Խախու, Էգրեկ (Ագարակ), Իս և այլ գյուղերում կառուցվել են քաղկեդոնիկ եկեղեցիներ։ 1000թ. Ազորդաց փորը Տայքի մեծ մասի հետ միացել է Բյուզանդիային։ Ազորդաց փորի տարածքը XIII դարում կոչվել է Թորթում։
Ալաեաց փոր, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում։