16:29 , 21 ապրիլ, 2014
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելական «Jerusalem Post»-ին, տարածել էին տեղեկատվություն, ըստ որի՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նախապատրաստվում է այցելել Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցի նպատակը կլինի ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ամրապնդումը: Ըստ նախնական տվյալների՝ Լիբերմանը կմասնակցի Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում Իսրայելի մշակույթի կենտրոնի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն տարատեսակ ոլորտներում՝ ներառյալ ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Իմիջիայլոց նշեմ, որ այս տարի նշվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Նշվածի ամբողջականության մեջ, սակայն, կարծում եմ՝ ամենակարևորը և Հայաստանի համար մտահոգիչը Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական և որոշ առումներով դրա արդյունքում ռազմաքաղաքական համագործակցության փաստն է, որն արդեն երկար տարիներ է, ինչ շարունակվում է: Ինչպես նոր ասացի, այդ փաստն ինքնին մտահոգիչ է, բայց, ինչպես երևում է, Հայաստանն այդ կապակցությամբ ոչ մի հստակ քայլ չի ձեռնարկում:
Այս երկկողմ հարաբերությունները, ի դեպ, միայն Հայաստանի համար մտահոգիչ չեն, քանի որ դրանք ուղղակիորեն վտանգում են նաև Իրանի անվտանգությունը և հետևաբար նման հանդիպումները նյարդայնացնում են այդ երկրի ղեկավարությանը, բայց եկեք այսօր կենտրոնանանք Հայաստանի վրա: Ինչպես հիշում եք, դեռ երկու տարի առաջ Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքվեց 1.6 մլդ դոլարի պայմանագիր, որով իսրայելական կողմը պարտավորվում էր փուլ առ փուլ Ադրբեջանին վաճառել ինչպես պաշտպանական, այնպես էլ լուրջ հարձակվողական նշանակություն ունեցող զենքեր: Այս առումով, ինչքանով որ ես եմ հիշում, Հայատանից մեկ «թղթի կտոր» անգամ չուղարկվեց Իսրայել, որպեսզի մեր բողոքը հայտնենք կատարվածի պահով: Չէ՞ որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի հետ ուղղակիորեն ներգրավված են բավականին երկարատև հակամարտության մեջ, իսկ նման մասշտաբների զենքի վաճառքը վտանգում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, էլ չեմ ասում, որ այդ վաճառքը կարող էր (և դեռ կաորղ է) և տեսականորեն խաթարել տարածաշրջանում առկա ուժային բալանսը: Այլ կերպ ասած՝ խաթարելով սադրել հակամարտության վերսկսումը:
Նույնիսկ Միջազգային հանրության (հատկապես ՄԱԿ-ի հովանու ներքո) կողմից ընդունված մի շարք կոնվենցիաներ, մեղմ ասած, չեն խրախուսում զենք-զինամթերքի վաճառքն ուղղակիորեն հակամարտության մեջ ներգրավված երկրներին, առավել ևս, երբ խոսքը հարձակվողական զենքի վաճառքի մասին է: (Պաշտպանական նշանականություն ունեցող զենքի վաճառքն այդքան էլ խնդրահարույց չէ, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունը ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը արտաքին ագրեսիայից):
Ինչևէ, դիվանագիտական նոտան հղել Իսրայելին կարելի է իր հերթին անել, բայց դա բնավ հարցի լուծում չէ: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի այս երկրի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Մենք Իսրայելում այդքան էլ մեծ սփյուռք չունենք, բայց որոշակի կշիռ այն, ամեն դեպքում, ունի, չհաշված այն փաստը, որ մենք Երուսաղեմում ունենք բավական մեծ հոգևոր ժառանգություն և ներկայություն: Ի վերջո, հրեաների հետ մենք ունենք նմանատիպ, ոչ սահուն պատմական անցյալ, որը ևս կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման և խթանման համար նախադրյալ` հիմնված, ինչո՞ւ ոչ, համերաշխության (солидарность) սկզբունքի վրա: Գիտեք՝ ինչ, ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է մտածել կամ առաջ քաշել այս հարաբերությունները բարելավելու և զարգացնելու համար, բայց մի բան հստակ է, որ ինչ-որ բան փոխել անպայման պետք է:
Վերադառնալով Լիբերմանի սպասվելիք այցին Ադրբեջան` մնում է ևս մեկ անգամ հույս հայտնել, որ Հայաստանը մի քիչ կակտիվացնի իր դիրքորոշումն ու համապատասխանաբար կարձագանքի, եթե հանկարծ կրկին հակահայկական պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Իսրայելի միջև: Միևնույն ժամանակ, ինչպես քիչ առաջ նշեցի, բողոքելով և վայնասուն բարձրացնելով, հարցը չի լուծվում: Առավելագույնը դրանով ուղղակի աշխարհին հիշեցնում ես քո առկայության մասին, իսկ սեփական բնակչությանդ ցույց ես տալիս, որ «գոնե ինչ-որ բան անում ես»: Հետևաբար, նման դեպքերում, գոռգոռալուց հետո, պետք է զուգահեռ կուլիսների ետևում ակտիվ գործունեություն ծավալել կոնկրետ երկրի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև դրանք պատշաճ մակարդակի հասցնելու ուղղությամբ: