Ղրիմի դատախազը հայտարարել է, որ ինքը սոցցանցերում օգտահաշիվներ չունի


12:26 , 21 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմի դատախազի պաշտոնակատար Նատալյա Պոկլոնսկայան «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը սոցցանցերում օգտահաշիվներ չունի:

«Գիտեմ, որ գոյություն ունեն մի քանի տասնյակ էջեր, որոնք գործում են իմ անունից: Սակայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ այդ ամենը կեղծ է կամ ինչպես այժմ նորաձև է ասել՝ ֆեյք: Միակ կայքը համացանցում, որում ես պաշտոնապես ներկա եմ, Ղրիմի Հանրապետության դատախազության կայքն է»,- ասել է Պոկլոնսկայան:

«Հաշվի առնելով Ղրիմի Հանրապետության դատախազության աշխատանքի ծավալներն ու այն հանձնարարությունները, որոնք անհրաժեշտ է կատարել, ես ֆիզիկապես ուրիշ ոչնչով զբաղվելու ժամանակ չեմ ունենում: Ի՞նչ բլոգերի ու սոցցանցերի մասին կարող է լինել խոսքը»,- նշել է նա: 

Խոսելով իր աշխատանքի մասին՝ Պոկլոնսկայան խոստովանել էր, որ իրեն հեշտ չէր ուկրաինական քրեական իրավունքից անցում կատարել ռուսականին: «Սակայն շնորհիվ մեր կադրերի ոչ վատ մասնագիտական նախապատրաստության ու ռուսական դատախազության կազմում արագ ինտեգրվելու իմ գործընկերների ցանկության՝ մենք այդ խնդիրը կկատարենք շատ արագ»,- ասել է նա:

Պոկլոնսկայան հայտնել է, որ ներկայում ինքն ու իր գործընկերներն ուսումնասիրում են կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեթոդներ: