05:54 , 20 ապրիլ, 2014
Galatv.am-ը գրում է.
Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նկատմամբ հարուցված երկու քրեական գործերն էլ Հատուկ քննչական ծառայությունը որոշել է կասեցնել: ՀՀ ՔՕ 309 եւ 315 հոդվածներով հարուցված քրեական գործերը հարուցվել էին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով մեղադրվող եւ ՇՄ առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր ճանաչված Հարություն Սարգսյանի հայտարարություններից հետո:
Հարություն Սարգսյանը հենց սկզբից էլ հայտարարել էր, որ հիշյալ անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ, դաժան ծեծի են ենթարկել նախաքննության ընթացքում Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի աշխատասենյակում եւ ստիպել են Հարություն Սարգսյանին, որպեսզի վերջինս «իր վրա վերցնի» Կարեն Եսայանի սպանությունը:
Դատարանում եւս Հարություն Սարգսյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել՝ պատմելով մանրամասներ իր նկատմամբ գործադրված բռնությունների մասին: Հարություն Սարգսյանը հայտարարել էր.
«Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, քաղաքացիական հագուստով 2 մարդ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետը): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկեցրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը…»:
Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ Հարություն Սարգսյանը առերես եւս պնդել է, թե ովքեր են բռնություն կիրառել իր նկատմամբ:
Հարուցված քրեական գործերը, Լ. Սահակյանի խոսքով, կարճվել են, փոխարենը տարածվել է երեք որոշում: Դրանցից մեկը ենթադրում է, որ քրեական գործ է հարուցվել առանձին եւ Շիրակի մարզ է ուղարկվել: «Իբրեւ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն են գործադրել Վարդան Ղուկասյանի կողմնակիցները: Հասանալի է, թե սա ինչու համար է արվել, որովհետեւ Հ․ Սարգսյանը ուներ մարմնական վնասվածքներ եւ քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով, իբրեւ թե ոստիկանները նրա նկատմամբ բռնություն չեն գործադրել: Պետք է այդ մարմնական վնասվածքներին պատասխան տրվեր, վստահ եմ, որ որեւէ ապագա չի ունենալու նաեւ այդ քրեական գործը, բացի դրանից, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել Ա. Կարապետյանի, Կ. Բաբակեխյանի եւ Վահրամ Ենգոյանի նկատմամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս երեք անձինք բռնություն չեն գործադրել Հ․ Սարգսյանի նկատմամբ»:
Հարություն Սարգսյանի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումները: «Վ․ Ղուկասյանի կողմնակիցները կարող է շատ հանցագործություններ են կատարել, բայց կոնկրետ Հ․ Սարգսյանի նկատմամբ բռնություն չեն կատարել»,-նշում է Լուսինե Սահակյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են որոշել Հ. Սարգսյանի նկատմամբ բռնությունների գործին նման ուղղորդում տալ, Լ. Սահակյանը պատասխանեց.
«Կային մարմնական վնասվածքներ, դրանք արձանագրվել էին: Եվ պետք է Հատուկ քննչական ծառայությունը ի վերջո պատասխան տար, թե որտեղ են առաջացել դրանք եւ որտեղից, այսինքն իրենք պետք է ինչ-որ վարկած ստեղծեին, որ փրկեին ոստիկաններին, ավելին, իրենք չէին կարող ճնշում գործադրել Հ․ Սարգսյանի հարազատների վրա, որ ցուցմունք չտային»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ