Քրիստոս Յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի


22:02 , 19 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Սուրբ Հարության տոնը կամ Զատիկը (զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված) թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է կրոնական ու ժողովրդական մեծագույն տոներից մեկը։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը երեկոյան իջեցրին խաչից և դրին մեծ քարով փակված գերեզմանի մեջ: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսած էին ու վշտացած` երկու հրեշտակներ երևացին կանանց ու ասին. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկասի ավետարան, ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը նրանց էլ երևաց։

Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում` Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը (1-ին Թուղթ առ Կոնրթացիս, ԺԵ 13-14):

Ինչ վերաբերում է տոնի նշմանը` բոլորը գիտեն, որ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ձուն համարվում է հարության ու նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար։ Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ։ Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»։

Սբ. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով և սկսվում են զատկական տոնակատարությունները, և որից հետո մարդիկ դուրս են գալիս պահքից, իսկ արդեն Տոնի վաղ առավոտյան` եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Սբ. Պատարագ:

Այդ օրը հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով և պատասխանում են այսպես` Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: