Մշակութային բաղադրիչը չպիտի կուլ գնա կրոնական մոլեռանդությանը


20:00 , 19 ապրիլ, 2014

Հաճելի է կարդալ գրառումները մի շարք ընկերներիս, որոնք, աթեիստ լինելով, հորդորում են հանդուրժողականություն ցուցաբերել տոների ու սովորույթների նկատմամբ և չծաղրել դրանք: Այլ կերպ` չլինել մարտնչող աթեիստներ: Ես ինքս էլ համոզված աթեիստ եմ:

Բացի տարրական հանդուրժողականությունից ու փոխադարձ հարգանքից, պիտի նկատի առնենք նաև մի այլ հանգամանք: Տոները զուտ կրոնական աստառից բացի պարունակում են նաև մշակութային-ավանդական բաղադրիչ և դարձել են մեր կյանքի անքակտելի մասը, ընդ որում այդ բաղադրիչում սերտաճել են ինչպես քրիստոնեական, այնպես էլ բուն հայկական նախաքրիստոնեական տարրերը: Ուստի տոների ու ադաթների մեջ կրոնա-գաղափարական կոնֆլիկտներ քչփորելն անշնորհակալ գործ է:

Մյուս կողմից էլ ցանկալի է, որ ջերմեռանդ հավատացյալների կողմից չարվեն քրիստոնեկան հավատը չընդունողներին պախարակելու, նրանց ազատությանը բռնանալու և տոների ոչ քրիստոնեական տարրերը քարկոծելու փորձեր:

Մի խոսքով` մշակութային բաղադրիչը չպիտի կուլ գնա կրոնական մոլեռանդությանը: Եթե դու նորմալ քրիստոնյա ես, ապա քեզ վնաս չեն տա քրիստոնեկան տոների մեջ պահպանված հնագույն հրաշալի տարրերը, օրինակ` տերնդեզի կրակն ու վարդավառի ջուրը: Եթե դու պայքարում ես դրանց դեմ (ցավոք` կան նման մարդիկ), ապա մոլեռանդ ես, ու քեզ բուժվել է պետք: Նույն կերպ էլ Զատիկ նշելը վնաս չի տա աթեիստներին կամ հեթանոսներին կամ այլոց: Բոլորս էլ հայ ենք, եթե միավորվում ենք լեզվով, մշակույթով, գիտակցությամբ ու մեր երկիրը երկիր դարձնելու մտահոգությամբ: Մնացած տարաձայնությունները` հեչ: