16:54 , 19 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Զատկի տոնին Աբովյանը պատրաստվում է ավանդական սցենարով` համերգով ու մրցույթով:
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ձկան փառատոն` մայրաքաղաքի ու մարզերի խոհարարները տաղավար են տեղադրել ու սեղանին ձուկ դնելու յուրահատուկ լուծումներ առաջարկել: Կարելի էր անգամ ոսկե ձկնիկ որսալ, ճիշտ է` եփած:
Ոսկե ձկնիկի կողքին խեցգետին է: Պատրաստված է հատուկ եղանակով, բերել են արտասահմանից, ասում են` հազվադեպ հանդիպող կենդանի է ու շատ համեղ:
Հայկական իշխանը փառատոնի զարդն է: Սևանինը չէ, բայց պակաս համեղ չէ: Փորձառու խոհարարը սովորական իշխանը վերածել է խոհարարական գլուխգործոցի` համեմելով ընկույզով ու մոշով: Առաջինը համտեսելու համարձակությունն իր վրա վերցրեց Արմնյուզը:
Փառատոնի դեմքը Ջորջն է` Նիգերիայից: Հայկական խոհանոցը հավանել է, փառատոնին թառափի խորոված է պատրաստում: Ջորջը խոստովանեց, որ հայերն ավելի համեղ են եփում, քան նիգերիացիները:
Խոհարարական գլուխգործոցները գնահատելու է ժյուրին: Համից բացի, հաշվի են առնելու նաև տեսքը, համադրությունն ու մատուցումը:
Իսկ, թե ինչո՞ւ է ձկան փառատոնն անցկացվում Աբովյանում` կազմակերպիչների պատասխանում երևակայություն փնտրել պետք չէ. աբովյանցիներն էլ պակաս ձուկ ուտող չեն:
Ձուկ եփելու տարբերակներն հայկական խոհանոցում այնքան էլ բազմազան չէ, սրանով` Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում հասարակական կազմակերպությունը ցանկանում է, որ տաք ուտեստների ցանկում ձուկը մեծ տեղ ունենա ու պատրաստման եղանակներն էլ ավելանան:
Տոնը կդառնա ավանդական, Զատկին ընդառաջ ու ամեն տարի ձուկ պատրաստողներն ու սիրողները կհավաքվեն Աբովյանում, կմրցեն, վերջում էլ կպարգևատրվեն լավագույնները: Հաջորդ հանդիպումը մյուս տարի` նույն օրը, նույն տեղում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ