Սարսանգի ջրամբար. ԵԽԽՎ-ն ԼՂՀ-ին չարձագանքեց, իսկ Ադրբեջանին չմերժեց


11:57 , 18 ապրիլ, 2014

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը: Նշանակվելու է զեկուցող, ով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ պետք է համապատասխան զեկույց պատրաստի։

Ադրբեջանը վերջին տարիներին, Սարսանգի ջրամբարի հարցը հիմնականում շահարկում է երկու 2 հարթությունում: Առաջին, Ադրբեջանը նշում է, որ ջրամբարն անվտանգության առումով չի համապատասխանում առկա չափանիշներին, իսկ դրա վնասվելու դեպքում հատկապես տուժելու են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի (հյուսիսարևելյան) ադրբեջանական հատվածի բնակավայրերը:

Երկրորդ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում Սարսանգի ջրամբարը ոռոգման ջուր է ապահովել ադրբեջանական մեծ թվով բնակավայրերի համար, սակայն Արցախում ռազմական գործողություններից հետո, երբ Ադրբեջանը փակեց կամ փոխեց դեպի Արցախ հոսող գետերի հունը, սահմանափակեց նաև Սարսանգի ջրամբարից դեպի Ադրբեջան հոսող Թարթառ գետի ու նրանից սնվող ջրերի հոսքը:

Ներկայումս ջրամբարից դուրս եկող ու դեպի Ադրբեջան ուղղություն վերցնող Թարթառ գետի վրա Արցախում ՀԷԿ են կառուցել, որից ստացվող էլեկտրաէներգիան հնարավորություն է տալիս անխափան ձևով էլեկտրաէներգիայով ապահովել Մարտակերտի շրջանի բնակավայրերը:

Մինչ ԵԽԽՎ Բյուրոյի այս որոշումը, Ադրբեջանը այս հարցը շրջանառել էր ԵԽԽՎ-ում 2013 թվականին, սակայն Բյուրոն այն ի գիտություն էր ընդունել: Նախորդ տարի հարցը բարձրացրել էր նաև Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության կողմից, սակայն բանաձևը օրակարգ չէր մտել:

ԵԽԽՎ բյուրոյի որոշումը իսկապես տարօրինակ է, որովհետև եթե նույնիսկ համարենք, որ Բյուրոյի «մտահոգությունները» հումանիտար, այլ ոչ թե քաղաքական հարթությունում են, ապա հարցեր են առաջանում, թե ինչու ԵԽԽՎ-ն նմանօրինակ հետաքրքրություն չցուցաբերեց, երբ 2013 թվականի օգոստոսին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել. խոսքը, ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

Ընդ որում` հայտնի է (այդ մասին հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական լրատվամիջոցներում), որ շփման գծի ադրբեջանական հատվածում գտնվող ահռելի տարածքներ ոռոգման ջրի խնդիր ունեն, ինչն այդ շրջաններում մշտապես բողոքի ակցիաների պատճառ է դառնում:

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանի արձագանքի դեպքում ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար, այդուհանդերձ, երկխոսության նպատակով մեկնված ձեռքը մնաց օդում. առաջարկը արձագանք չգտավ ոչ Ադրբեջանում, ոչ արտերկրում (նույն ԵԽԽՎ-ում):

ԵԽԽՎ-ի` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված որոշում բացասական հետևանքներ կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վրա: Ադրբեջանն իր նախաձեռնություններով նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը խնդրի լուծման հիմնական օրակարգից, ինչին իր որոշումով նպաստեց նաև ԵԽԽՎ-ն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն արձագանքել այս որոշմանն այն դեպքում, երբ այն անմիջական կապված է իրենց մանդատով վերապահված լիազորությունների իրականացմանը: Եթե միջնորդներն իսկապես շահագրգիռ են խնդրի կարգավորմանը, ապա պարտավոր են նման նախաձեռնությունների դեպքում ադեկվատ արձագանքել` զերծ պահելով Ադրբեջանին, խնդրի բուն էությունից շեղվող նախաձեռնություններից: