ԱՄՆ եւս մի ֆինանսավորում դադարեցրեց


03:51 , 18 ապրիլ, 2014

Armtimes.com-ը գրում է.

Բավականին խորհրդավոր պայմաններում ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ֆինանսավորել նախապես խոստացած մի ծրագիր, որին աջակցելու համար մեր կառավարությունը 2013 թվականի մայիսի 2-ին համապատասխան որոշում էր կայացրել:

Այսպես, ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին որոշել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ից ետ վերցնել Երեւանի Պարույր Սեւակի 5/2 հասցեում գտնվող շենքի ձախակողմյան հատվածն ու հարակից տարածքը՝ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ իրականացվող` կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում համատեղման լաբորատոր հաստատություն կառուցելու համար: Ինչպես տեղեկանում ենք Էլեկտրոնային կառավարման կայքից, կառավարությունն այսօրվա նիստում ստիպված է այդ որոշումը ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկել: Ըստ Էլեկտրոնային կառավարման կայքի, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման ծրագրի տնօրեն դոկտոր Ս. Էլիզաբեթ Ջորջը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2013թ. նոյեմբերի 13-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ բավարար ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված, ամերիկյան կողմը որոշում է կայացրել դադարեցնել նշված շինության նախագծման եւ վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքները, եւ անհրաժեշտ է  համապատասխան միջոցներ ձեռնարկել վերը նշված տարածքի հետագա տնօրինման առնչությամբ: ԱԱԾ-ն դիմումը փոխանցել է պետական գույքի կառավարման վարչություն, որպեսզի այն համապատասխան նախագիծ ձեւակերպի եւ ներկայացնի կառավարությանը:

Ամերիկացիների կողմից որեւէ ծրագրի ֆինանսավորման դադարեցման առաջին դեպքը չէ սա: 2011 թվականին դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ֆինանսավորումը, այս տարեսկզբից՝ Հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը, որ իրականացվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով:

Կարծիքներ կան, որ սա ուղիղ կապ ունի քաղաքական հարցերի հետ: «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի արդեն նախկին կառավարման խորհրդի  անդամ, «Համայնքային նախաձեռնությունների եւ քարոզչության կենտրոն» ՀԿ նախագահ Մարզպետունի Զադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկացիների մոտեցումներն իր համար միշտ եղել են անկանխատեսելի: ««Հազարամյակի մարտահրավերի» ծրագրերը դադարեցրին՝ հիմնավորելով ժողովրդավարության պակասով, հակակոռուպցիոն կենտրոնների ֆինանսավորման դադարեցումը կապեցին կարծես թե Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտարարության հետ: Ով գիտի, թե ԱՄՆ կառավարության մտքով ինչ է անցել»: Խնդրի առնչությամբ գրավոր հարցում ենք արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: