«Ընդունելի լինում է մատաղը, ոչ թե քաղաքական գործիչը». ՏԵՍԱՆՅՈՒԹ


03:17 , 16 ապրիլ, 2014

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

- Պարոն Խզմալյան, ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին ամենաքննարկվող իրադարձությանը` վարչապետի նշանակմանը: Կառավարության ղեկավար ընտրվեց Հովիկ Աբրահամյանը…

- Նա չընտրվեց, նա նշանակվեց: Կա մեծ տարբերություն, նա ընտրվելու հնարավորություն չուներ, այդ պատճառով մեզ մոտ ընտրություններ չկան: Ներեցեք, որ ընդհատեցի ձեզ, բայց կարծում եմ` դա շատ կարևոր բան է, դուք մեր ցանկալին փոխարինեցիք իրականությամբ, ավելի ճիշտ` իրականությունը փոխեցիք նրանով, ինչը պետք է լիներ:

- Նախագահի ընտրությունը կանգ առավ Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա: Ի՞նչ գործոններ ազդեցին այդ որոշման կայացման վրա:

- Կարելի է նույնն ասել. Սերժ Սարգսյանն ընտրություն չուներ, և Հայաստանում դա առաջացրեց հեգնանքի, ծաղրանքի ալիք: Իրականում սա ողբերգական իրադրություն է և ցույց է տալիս, որ մեր երկիրը, նրա քաղաքական մասը գտնվում է հոգեվարքի մեջ։ Այսինքն` մենք դա գիտեինք և հերթական անգամ համոզվեցինք, դա ապացուցվեց ամենաբարձր մակարդակով, որովհետև վարչապետի նշանակումը ոչ թե արտաքին քաղաքական, ոչ էլ ներքին քաղաքական գործոններով էր բացատրվում, այլ զուտ կուսակցական, ներկուսակցական: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վաղուց արդեն չունի ընտրություն: Նա ոչ միայն երկրի մեջ չունի լեգիտիմություն, վերջին իրադարձությունների շնորհիվ նա դա կորցրել է նաև դրսում: Հայաստանն այլևս քաղաքական գործոն չէ ընդհանրապես, որքան էլ դառն է այդ իրականությունը, մենք պետք է դա գիտակցենք:

Հովիկ Աբրահամյանը կատարյալ, իդեալական մարմնավորումն է այդ պատային իրավիճակի, այդ, շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի, իսկ եթե պարզ ասենք` այն ճահճի, որի մեջ մենք հայտնվել ենք: Ողջ աշխարհը զարգանում է, մենք ոչ միայն տեղում ենք դոփում, գնում ենք հետ: Եթե մի պահ կանգնենք և հասկանանք` ինչ է կատարվել, կտեսնենք, որ վարչապետ, երկրի երկրորդ թե երրորդ մարդ դառնում է մի գործիչ, որը վերջին տասնամյակների ամենակարևոր իրադարձությունների ժամանակ` Արցախյան պատերազմի, մեր ազատամարտի տարիներին, Բուրաստան գյուղի գինու գործարանի բաժնի պետն էր կամ տնօրենը, չգիտեմ: Եթե մի անգամ էլ կրկնենք դա և չափենք Հայաստանը, նրա պատմությունը, այն մարտահրավերները, որ խոյացել են մեր երկրի առաջ, այն վտանգները, որոնց միջով մենք հիմա անցնում ենք, և նորից հասկանանք` ինչ է կատարվել, մենք կհասկանանք նաև այս ողբերգության խորությունը:

Ասում են` ծանր որոշում էր կայացված: Մեկ անգամ հետաձգվեց անվան հայտարարումը: Ի վերջո, ի՞նչը վերջնական դեր խաղաց, քանի որ վարչապետի թեկնածուների այլ անուններ ևս շրջանառվում էին:

- Հենց դա` ընտրության բացակայությունը: Սերժ Սարգսյանի բավական ծիծաղելի բացատրությունը, որ` ես անուն կտամ, որը հարմար է բոլորին կամ որն ընդունելի է բոլորի համար… Գիտեք, վարչապետը, քաղաքական գործիչը հազար դրամ չէ կամ հազար դոլար, որ ընդունելի լինի, ոչ էլ մատաղ է: Մատաղը պետք է ընդունելի լինի, իսկ քաղաքական գործիչը երևի մի քիչ ուրիշ նպատակներով է ընտրվում: Մերի պես երկրում պետք են մարդիկ, որ կընդունեն կարևոր, կտրուկ քայլեր` փրկելու համար երկիրը արտագաղթից, սնանկացումից, քաղաքական ոչնչություն դառնալու իրականությունից, բոլորի համար ընդունելի՝ նշանակում է ոչ մի բան: Ընդունելի է այս գետինը, որով մենք քայլում ենք, միայն նրա համար, որ ուրիշը չկա, նույնն էլ՝ վարչապետի հետ: Նա ոչ թե ընտրեց, վերցրեց նրան, որովհետև ուրիշը չկա` իր մոտ չկա. երկրում, իհարկե, կան, ազգի մեջ կան, բայց այս համակարգն ուղղակի ևս մեկ անգամ ապացուցեց սեփական սնանկությունը:

Այս նշանակումով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Սերժ Սարգսյանը: Շատերը սրանով պայմանավորում են քառյակի ճակատագիրը:

- Քառյակ, եռյակ, հնգյակ` դրանք դեկորացիաներ են, իսկ բեմադրությունը, որ բեմադրեց Սերժ Սարգսյանը, որ ընթանում է, ի միջի այլոց, առանց հանդիսատեսի, տոմսեր չեն վաճառվում, և ոչ մեկին էլ հետաքրքիր չէ: Դա անիմաստ մի զբաղմունք է: Խնդիրը, որ լուծվեց, միայն մեկն է. պետք է ամեն ինչ անել այնպես, որ ոչինչ չփոխվի: Կա մի հանճարեղ հեքիաթ` «Ալիսան հրաշքների աշխարհում», այնտեղ ասում է` եթե դու ուզում ես տեղումդ մնալ, պետք է անընդհատ վազես: Աշխարհն առաջ է շարժվում, քսան տարիների ընթացքում աղքատ երկրները դառնում են գերտերություններ, քսան տարիների ընթացքում քարտեզներ են փոխվում, սերունդ է իջնում, նորն է մտնում կյանք, ասպարեզ, իսկ մեզ մոտ արհեստականորեն փորձում են պահպանել նույն` ուշ խորհրդային շրջանի երկրորդ, երրորդ քարտուղարների, կոմսոմոլի, ԿԳԲ-ի, ցրիչների և «ինստրուկտորների» սերունդը, որ սողոսկել է և պահպանում է Հայաստանում առայսօր խորհրդային կարգեր, խորհրդային բարքեր, ամենավատ բնութագրող գծերը` մոռանալով և դեն շպրտելով ամենալավը: 

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: