16:26 , 15 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կրկնել Նապոլեոնի և այլ հայտնի գործիչների պատմական սխալները Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականության մեջ՝ գրում է Foreign Policy-ն: Ըստ պարբերականի՝ ռուս առաջնորդը Ղրիմի բռնակցումը համարում է մեծ հաջողություն և կարծում, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո: Նման վստահությունը կարող է հանգեցնել սխալների՝ ասվում է հոդվածում:
Որպես օրինակ պարբերականը բերում է 1812 թվականին Նապոլեոնի ներխուժումը Ռուսաստան, ինչպես նաև Ճապոնիայի վարչապետ Հիդեկի Տոձյոյի գործողությունները Երկրորդ աշխարհամարտի սկզբին, 1982-ին արգենտինացի գեներալների գործողությունները Ֆոլկլենդյան կղզիների պատճառով հակամարտության ժամանակ, 1979-ին խորհրդային կառավարության գործողություններն Աֆղանստան զորքեր մտցնելիս և նույն տարում Չինաստանի ղեկավարության նախաձեռնած ներխուժումը Վիետնամ, ինչպես նաև ԱՄՆ գործողություններն Իրաքում 2003-ին:
Պարբերականը ենթադրում է, որ նշված գրեթե բոլոր պատմական օրինակներում շրջապատը կա՛մ չի ցանկացել, կա՛մ ի վիճակի չի եղել առաջնորդին ասելու ճշմարտությունը: