ԵՊՀ ես չեմ գնա


20:37 , 17 հուլիս, 2012

Այսօրվա լողի պարապմունքից հետո սիրտս մի տեսակ զզվելի կերպով էր աշխատում, այնպես,որ դրա պատճառով շնչառությունս ահավոր խորացել էր,տրանսպորտի միջի մարդիկ վրաս վախեցած հայացքներ էին նետում։ :D Հիմա էլ անտանելի գլխացավ ունեմ։ Երևի շոգն է մեղավոր։ Մեր տունն այնպես է դասավորված,որ եթե երկնքում կա Արև,այն կա նաև մեր տանը։ Ձմռանը գրեթե վառելիք չենք օգտագործում։ Հրա~շք։ Բայց այ ամռանը..խոսքը մեր մեջ շոգեխաշվում ենք։ Այ հիմա էլ,կիսաեփ վիճակում նստած,գլխացավս գրկած,սրտիս հետ կռիվ արած ձեզ եմ գրում։ Վարդավառի օրն էլ այնքան մեծ էնտուզիազմով եմ խաղացել,որ մինչ օրս աջ ոտքս բռնված է, այսօր ոնց կարողացա լողի տեղը դիմանալ...զարմանում եմ ինքս ինձ վրա :D Հա~, կարճ ասած, թքած ունենալով բոլոր այս ցավերի վրա ես շարունակում եմ լսել իմ սիրելի ծանր Ռոքն ու Մետալը ու ցանկանում եմ ձեզ հետ ուղղակիորեն խոսել նրա մասին,ինչ հիմա զգում եմ...

Դպրոցական եք,ուսանող,թե արդեն ավարտել եք,կապ չունի,հաստատ գիտեք, որ մի քանի օր առաջ կախվեցին համալսարանների ցուցակները,և շատ շրջանավարտներ չսպասեցին էլ օրվա լուսանալուն,գիշերով գնացին տեսնելու,թե որ Համալսարանի որ բաժինն են անցել։

 Իսկ ես պարզապես ժպիտով հետևում էի այդ անցուդարձին։ Ասես ոչ մի կապ չունենայի այդ ամենի հետ.. Չէ,իհարկե ես էլ եմ միասնական քննություններ հանձնել,բայց միայն նրա համար,որ Ավարտական Դիպլոմիս մեջ Ա մակարդակից գնահատական գնա և որ ուղղակի ուժերս փորձեմ։ Հուլիսի 12-ից մինչև 14-ը ինձ անընդհատ զանգահարել են ԵՊՀ-ից`ասելով,որ ես անցել եմ ուսուցման անվճար համակարգ և որ եթե Ատեստատս չտանեմ ԵՊՀ,դուրս կմնամ մրցույթից և կզրկվեմ ԵՊՀ-ում սովորելու իմ իրավունքից։ Բնականաբար ես չէի տանելու Ատեստատս,նախ ես կարիք չունեի մրցույթին մասնակցելու,երկրորդ`անիմաստ տեղը անվճար տեղ էի զբաղեցնելու և ինչ-որ մեկին զրկելու էի անվճար սովորելու հնարավորությունից և հետո ես Ատեստատս պետք է հետս Գերմանիա տանեմ։ Երկու օր անընդմեջ ես միևնույն հարցին տալիս էի բացասական պատասխան։ Զանգերն այնքան էին կրկնվել,որ երբ ասում էի`Հարգելի՛ Տիկին,ես իմ ավարտական Դիպլոմը չեմ բերելու ԵՊՀ,որովհետև Օգոստոսին մեկնում եմ Գերմանիա...Հեռախոսի հակառակ կողմում գտնվող տիկինը արձագանքում էր`ախ Դուք Գերմանիայի Մարիա~մն եք... :D
Այնուամենայնիվ երեկ գնացի ԵՊՀ`կախված ցուցակները տեսնելու համար։ Նայելով իմ նշած ֆակուլտետի միավորներին`ես հասկացա,որ Ատեստատս տանելու պարագայում ցուցակի մեջ առաջինն իմ անունը գրած կլիներ :) Բայց ինձ բախտ էր վիճակված իմ անունն ուրիշ ցուցակների մեջ փնտրելու։

Գիտե՞ք,հետաքրքիր զգացողություն է,երբ նայում ես քո բոլոր հասակակիցներին,դասարանցիներին,ծանոթներին,ովքեր քեզ նման մի տարի կամ ավելի պարապում էին,վախում էին քննություններից,ծուլանում էին ու հետո զայրանում էին սեփական ծուլության վրա կամ էլ ոչ այնքան..նայում ես ու հասկանում ես,որ կներեք,բայց դու նրանց նման չես։ Այնքան շատ եմ հանդիպել ֆեյսբուքում մոտավորապես նմանատիպ գրառումների`"Անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի գալուն,որ վայելեմ ուսանող լինելը,որ անցնեմ ԵՊՀ-ի շեմն ու ինձ Երկրիս լավագույն Համալսարանի ուսանող ինձ զգամ"։

ԵՊՀ-ը ես չեմ գնա։ ԵՊՀ-ի ուսանող ես չեմ լինի։ Երբ քույրս առաջին անգամ գնաց ԵՊՀ,ես էլի Հայաստանում չէի։ Կրկին Գերմանիայում էի։ Երբ ետ վերադարձա ու աննորմալի նման սկսեցի պրպտել դարակները`իր ուսանողական տոմսը գտնելու նպատակով,մի բան էի մտածում. ես էլ եմ ունենալու սրանից։ Բոլոր սոցկայքերի տեղեկատվական բաժինների ուսումնական հատվածում միշտ նշել եմ ԵՊՀ-ն որպես իմ ԲՈՒՀ։ Կներեք,բայց ես երևի այն հազվադեպ մարդկանցից եմ,որ համոզված էի`ես կընդունվեմ ԵՊՀ։ Ու ընդունվելուց զատ`անվճար համակարգում սովորելու իրավունք կունենամ։ Թող մեծամտորեն չհնչի,բայց դա այդպես էլ կլիներ,եթե ես Ավարտական Դիպլոմս տանեի Համալսարան։ Ցուցակի մեջ ես առաջինը կլինեի.. :)
Չէ,չեմ ուզում կրկին խոսել օրեցօր մոտեցող մեկնումիս մասին։ Դրա մասին առանձին կզրուցենք..Գիտե՞ք, երբ հուլիսի 14-ին առավոտյան կրկին զանգահարեցին ԵՊՀ-ից և հարցրին,հաստա՞տ չեմ ցանկանում մասնակցել մրցույթին և հաստա՞տ չեմ տանելու Ավարտական դիպլոմս,բացասական պատասխան տալուց և անջատելուց հետո մի պահ քարացա։ Հասկացա`ես Երևանի Պետական Համալսարան չեմ գնալու։ Ու անմիջապես մտածեցի`բա ո՞ր Վիզաս չստանամ։ Խենթ միտք էր,ես գիտեի,որ դա անհնար է։ Պարզապես Հուլիսի 14-ի առավոտն ինձ հասկացրեց,որ ԵՊՀ-ն իմը չէ,Ես էլ`ԵՊՀ-ինը։ Երեկ էլ տաքսու վարորդն ասաց`կարող էի Խանջյան-Ռոսիա ճանապարհով գնալ, ծիծաղելով պատասխանեցի,այն է թե`դե հա,մեր`քրոջս ու իմ  Համալսարանի ճանապարհով։ Հետո հասկացա,որ մեր չէ..

Ներիր ինձ ԵՊՀ,բայց ես քեզ մոտ չեմ գա։ Քո շեմը չեմ անցնի,քո ուսանողը չեմ լինի։ Ներիր,ես գնում եմ։

Իսկ հիմա թույլ տվեք շնորհավորել բոլոր նրանց,ովքեր արդեն ուսանող են։ Իսկ նրանք,ովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով այսօր պատիվ չունեն ուսանող կոչվելու,ունեն պատիվ էլի պայքարելու ու չհանձնվելու։ Ձեզ մեծ ուժ ու համարձակություն`նորից նույն փորձություններով անցնելու համար`այս անգամ պատվով դուրս գալու նկատառումներով։ Իսկ մեզ`ուսանողներիս, մի քիչ ավելի շատ խելք "ուսանող" անունը չչարաշահելու ու մեր Համալսարաններին արժանի սան լինելու համար։ ԵՊՀ-ի ուսանողներ ջան,Երևանի Պետական Համալսարանին լավ կնայեք...մեր Երևանի Պետական Համալսարանին :)