Ճոճ` գարնանային ու ամառային հնագույն ծիսախաղ


21:59 , 14 ապրիլ, 2014

Հայաստանի մի շարք տարածքներում գրանցված է մի ծիսախաղ, որ մեծ մասամբ աղջիկներն էին խաղում: Ծառից կամ առաստաղից ճոճ էին կախում ու ճոճվում, և այդ ընթացքում ճոճվողին ճիպոտով այնքան էին խփում, մինչև իր նշանածի անունն ասեր: Կոչվում էր ճղոր (Վան), ճղլոր (Մոկ), ճլորթի (Աշտարակ, Կոտայք, Լոռի), ճոնճլիկ (Ախալքալաք), ճինջաղ (Գանձակ): Շատ վայրերում սա կատարվում էր բարեկենդանին (տեղ-տեղ` Մեծ պասի առաջին օրը), իսկ որոշ տեղերում` վարդավառին` ճլորթի (Ղազախի Ուզունթալա գյուղում), ճենջեղ (Գանձակ): 

Գանձակի տարբերակը խաղում են զուռնայի նվագակցությամբ (Բդոյան, ՀայԺողԽաղ 1, 1963, 233-242): Ղարաբաղի հյուսիսում ճլորթի-ն խաղում էին վարդավառին, իսկ հարավում` բարեկենդանին (Լիսիցյան 1981, 69, 72): Գորիսում խաղում էին ինչպես պասի առաջին օրը, այնպես էլ վարդավառին. գնում էին ուխտ` սուրբ Մարտիրոսի քարայրը, որի գլխի հինավուրց կաղնուց կախում էին ճոճը` ճինջ, ճօնջի, ճլօրթի: Մի ժամանակ այստեղ եղել է պուրակ, որից մնացել է միայն այս կաղնին (Լիսիցյան 1969, 270): Ղարադաղում ճինջի-ն խաղում էին բարեկենդանին. ճոճը կախում էին Խանագահ գյուղի մի մոտակա ձորակում` հսկայական սուրբ ընկուզենուց (Հովսեփյան 2009.1, 430): 

Այս ծիսախաղը, կարծում եմ, շատ հին է և կարող է համեմատվել հնդեվրոպական մի շարք ավանդույթների ճոճի հետ, որ զգալի դեր է խաղում գարնանը, ամառվա կեսին կամ արևադարձի օրերին կատարվող տոներում (տես West 2007, 213-214, 226, 235, որտեղ հայկական տվյալները հիշատակված չեն): 

Հունական Ἀνθεστήρια [Anthestḗria] գարնանային տոնի մի մասն էր կազմում Aiorai (հմմտ. αἰώρα ‘ճոճ’) կոչվող տոնը, որի ժամանակ աղջիկները ճոճվում էին ծառից: Առասպելն այս տոնի ծագումը կապում է Էրիգոնե անվամբ մի աղջկա հետ, որը հոր մահվան վշտից կախվում է մի ծառից: Քանի որ Ἀνθεστήρια-ն ածանցված է ἄνθος ‘ծաղիկ’ բառից, ապա գայթակղիչ է այդ տոնանունը համեմատել հայոց Ծաղկազարդ-ին: Հայկական ավանդույթում ճոճի ծիսախաղը հենց Ծաղկազարդին չի կատարվում: Այդուհանդերձ` փոքր տարբերությունները կարող էին առաջանալ հետագա զարգացումներում. կարող ենք ենթադրել, որ հնդեվրոպական ընդհանրության ժամանակ և տրոհմանը հաջորդած հայ-հունական ընդհանրության փուլում կար գարնանային ճոճք-ծիսախաղ, որն էլ հասել է մինչև մեր օրերը: Ինչպես փորձել եմ ցույց տալ մի շաբաթ առաջ կատարած գրառման մեջ, հայկական ավանդույթը հնդեվրոպական շրջանից և հատկապես նրա ուշ` հայ-հունական մերձավորության փուլից ժառանգել է մի շարք սեզոնային ու տոնածիսական բառեր ու ավանդույթներ: Սրանց կարող է հարել և ճոճքի այս ծիսախաղը: Հասկանալի է, որ այս ծեսի ծագման ու աշխարհագրության ճշգրտման համար անհրաժեշտ է նաև տվյալներ փնտրել տարածաշրջանի ոչ հնդեվրոպական ավանդույթներում` կովկասյան, առաջավորասիական ևն:

Ձմեռային արևադարձի հնդկական Mahāvrata տոնի ժամանակ մի քուրմ նստում էր ճոճի վրա` դեմքով արևելք, ձեռքով չափում էր ճոճքի աթոռի և գետնի հեռավորությունը, կատարում էր մանտրաներ ու ծիսական գործողություններ և այդ ընթացքում ճոճի աթոռին շշնջում էր. «դու ես Արևը»: 
Այստեղ ճոճքը հստակորեն խորհրդանշում էր արևի թեքման սեզոնային փոփոխությունը, իսկ չափելը նշանակում էր, որ արևը հասել է իր ցածրագույն կետին: Ճոճի բարձրագույն կամ ցածրագույն կետի նշույթավորվածության առնչությամբ հետաքրքիր է, որ, ըստ Լ. Հարությունյանի (1991, 149, հմմտ. 12, 121), ճոճվողի ոտքերին ճիպոտով կամ մահակով խփում են այն պահին, երբ նա հասնում է ճոճաթռիչքի բարձրակետին:

Հնդկական մեկ այլ` Dolayātrā կոչվող գարնանային տոնին Կրիշնայի պատկերը ճոճում էին օրը երեք անգամ: 

Ծիսական ճոճը հանդիպում է նաև հնդեվրոպական այլ ավանդույթներում` Latium-ում (Feriae Latinae, ապրիլ), ժամանակակից Հունաստանում (Զատիկի մոտակա օրերին), Ռուսաստանում ու Բալկաններում (Զատիկին), Լատվիայում (Զատիկին ու ամառնակեսին): 

Հայկական ավանդույթում, ինչպես տեսանք, աղջիկների ճոճքի ծիսախաղը հանդես է գալիս ամուսնության համատեքստում: Մի հետաքրքիր զուգահեռ գտնում ենք հարավսլավոնական մի առասպելում, որտեղ Grosdanka անվամբ աղջիկը ճոճվում էր Զատկի տոնին, երբ Արևը գալիս է իր անտեսանելի ճոճմամբ և աղջկան տանում է երկինք, դարձնում իր կինը: Այստեղ, փաստորեն, (ամուսնության ենթակա) աղջիկների ծիսական ճոճախաղն ուղղակիորեն զուգակցվում է Արևի տիեզերական ճոճքին: 

Այսպիսով` Հայաստանի տարբեր տարածքներում գարնան կամ ամռան որոշ տոների ժամանակ կատարվող ծիսական ճոճախաղը շատ հին է: Այն, ամենայն հավանականությամբ, սերում է հնդեվրոպական ակունքներից և կապված է արևի դիրքի սեզոնային փոփոխություններին առնչվող ճոճք-ծեսերի հետ: Հայկական ավանդույթում այդ ծիսախաղն առնչվում է աղջիկների ամուսնությանը, ինչը հետաքրքիր զուգահեռ ունի սլավոնական ավանդույթում:

Հրաչ Մարտիրոսյան 

[Լուսանկարը` Բդոյան, ՀայԺողԽաղ 1, 1963, 240]