13:30 , 14 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Իրաքցի քաղաքական գործիչ Հևալ Քվեստանին, որը «Գորան» (Փոփոխություն) շարժումից Քրդստանի տարածաշրջանային խորհրդարանի անդամ է, ասել է, որ PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ իր կողմից առաջադրված թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի ընդունվել է Նոբելյան հանձնաժողովի կողմից: Այս մասին փոխանցում է Radikal-ը:
«Օջալանի՝ 2013-ի նովրուզյան մեսիջը շեշտադրեց խաղաղություն և ժողովրդավարություն. դա քրդական հարցի խաղաղ լուծման մանիֆեստ էր: Փաստը, որ TIME ամսագիրը Օջալանին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում, նույնպես գործոն էր Օջալանին մրցանակի առաջադրելու համար»,- ասել է իրաքցի քաղաքական գործիչը:
Քվեստանին հավելել է, որ հավատում է՝ Օջալանն այս տարվա մրցանակի ֆավորիտներից մեկն է:
Ռեկորդային թվով թեկնածուներ, այդ թվում՝ 47 կազմակերպություն, առաջադրված են մրցանակի: Մինչ ապրիլի վերջ ցուցակը կկրճատվի: Հավակնորդների շարքում են Վլադիմիր Պուտինը, Ֆրանցիսկոս պապը, Էդվարդ Սնոուդենը, պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային և ուրիշներ: