Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը հեռու չէ ուլտիմատումների առաջադրումից


23:21 , 12 ապրիլ, 2014

Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը հեռու չէ ուլտիմատումների առաջադրումիցPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայում ճգնաժամի սրացումից հետո, թվում էր` Արևմուտքն ու Ռուսաստանը կխուսափեն կոշտ առճակատումից և իրավիճակը չեն տանի խորացման: Սակայն իրադարձությունների ընթացքը վկայում է, որ շահագրգիռ կողմերը մեծ հաշվով երկխոսության պատրաստ չեն: 

Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունն անշուշտ Վլադիմիր Պուտինի նամակն էր եվրոպական 18 երկրների ղեկավարներին: Նամակը թեև վերաբերում էր Ռուսաստանից գազի առաքման ու դրա հնարավոր ընդհատման խնդիրներին, այդուհանդերձ փորձագետները հակված են կարծիքին, որ այն համապարփակ ձևով անդրադարձ էր Ուկրաինայի շուրջ ստեղված կոնֆլիկտի բուն պատճառներին: 

Մինչ նամակի հրապարակումը Վ. Պուտինը ելույթ էր  ունեցել նաև ՌԴ կառավարության նիստում, որտեղ ակնարկել էր, որ Ուկրաինայի ասոցացումը ԵՄ-ի հետ ավելի մեծ սպառնալիք է հենց Ռուսաստանի տնտեսության համար, քան Ուկրաինայի: Մոսկվան, ըստ ամենայնի, զգուշանում է եվրոպական ապրանքների անարգել ներհոսքից, ինչը ՌԴ իշխանությունների կարծիքով` կաթվածահար կանի ռուսական տնտեսությունը: ՌԴ նախագահը նշել էր, որ ռուսական ընկերությունները Ուկրաինական գործընկերներից տարեկան 15 մլրդ դոլարի գնումներ են իրականացնում, որից կարող են հրաժարվել: Ըստ ամենայնի, Վ. Պուտինը ակնարկել է այն իրողությունը, որ Ուկրաինայի համար հիմնական սպառման շուկա շարունակում է մնալ Ռուսաստանը, և ասոցացման դեպքում Կիևը կզրկվի այդ շուկայից: 

Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային «կամ-կամ» սկզբունքը պարտադրողը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը: Եվ ասոցացման դեպքում Ռուսաստանը ստիպված են լինելու պաշտպանել սեփական արտադրողներին ու շահերը: Այս մտահոգությունն, ըստ էության, կիսում են նաև Եվրոպայում: Եթե մինչև վերջերս ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» կոնտեքստում առաջ էր մղում «կամ-կամ» սկզբունքը, ապա ընդամենը վերջերս ԵՄ առաջատար երկրներն ընդունեցին, որ իրենց մոտեցումներում փոփոխություն անելու անհրաժեշտություն կա: Մասնավորապես, ապրիլի 1-ին «Վեյմարյան եռանկյունին»հայտարարեց  Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության և Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում նաև Ուկրաինայի հետ համագործակցության ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին: 

Կիևին ուղղված այս քողարկված սպառնալիքին զուգահեռ Կրմելը հաջորդ ուղերձը հղեց արդեն եվրոպական երկրներին: Ռուսական գազ սպառող եվրոպական 18 երկրների առաջնորդներին ուղղված նամակում Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինային մատակարարել այնքան գազ, որքան Ուկրաինան կանխավճար կկատարի: Մասնավորապես նազգուշացրել է , որ եթե Ուկրաինան և Արևմուտքը ուկրինական պարտքի մարման հարցով չնստեն բանակցությունների, ապա գազի մատակարարումը կիրականցվի միայն ավանսային վճարման ճանապարհով: «Մենք գիտակցում ենք, որ նման որոշումը կարող է խնդիրներ առաջացնել Ուկրաինայում աշուն-ձմեռ շրջանում գազի պաշարների ձևավորման հետ: Գազի անխափան մատակարարման երաշխավորման համար, անհրաժեշտ է ամենամոտ ժամանակներում Ուկրաինա առաքել և ստորգետնյա պահեստներում կուտակել 11,5 մլրդ խմ գազ, իսկ դա պահանջում է 5 մլրդ դոլար վճար», - ասված է նամակում:
Բացի այդ, ՌԴ նախագահը, պատճառ ներկայացնելով վերը նշված խնդիրները, ըստ էության եվրոպացիներին զգուշացրել է, որ Ռուսաստանը կդադարեցնի մատակարարումները նաև եվրոպական շուկա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ