18:52 , 12 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար:
Այս շաբաթը կոչվում է ավագ, քանի որ իրենում պարունակում է չորս մեծ խորհուրդ. նախ՝ աշխարհի արարման շաբաթվա խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների խորհուրդը, և վերջապես՝ աշխարհի վախճանի խորհուրդը:
ԾԱՂԿԱԶԱՐԴ: Ավագ շաբաթվա առաջին օրը Ծաղկազարդի կիրակին է: Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ գալուստը. երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, Հիսուսին ընդառաջ ելան (Մատթ. ԻԱ 1-17): Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը: Արմավենիներով ընդառաջ ելնելը խորհրդանշում է սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով հայտարարված է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երբ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնութի՜ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):
ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկընքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. Ե 21-24):
Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ (Մատթ. ԻԱ 18-22): Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ: Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. Ա 4):
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. Է-ԺԱ):
Այսօր՝ Ավագ երեքշաբթի օրը, արարածների Արարիչը, մարդու կերպարանքով զգեստավորված, նստում է Ձիթենյաց լեռան վրա, որն օրինակն է վերին արքայության, և Իր աշակերտներին պատմում Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ՝ հրաշափառ գալստյան մասին: Վերջում այս ամենն ամփոփում է «Տասը կույսերի» առակով (Մատթ. ԻԴ-ԻԵ 13): Տասը կույսերը խորհըրդանշում են ամբողջ մարդկային ցեղը, իսկ նրանց լապտերների յուղը՝ ողորմությունն ու մարդասիրությունը: Կույսերի ննջելը խորհրդանշում է բոլորիս ննջելը գերեզմանում, իսկ փեսային ընդառաջ ելնելը՝ հարությունը գերեզմանից: Իմաստուն կույսերը նրանք են, ովքեր անձի սրբությանը խառնեցին ողորմածությունը, հավատին՝ բարի գործերը: Իսկ հիմարները կուսության մեծ գործին խառնեցին ընչասիրությունը և ողորմության գործերից զուրկ գտնվեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ