Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կանգնած են նոր գազային պատերազմի շեմին


14:09 , 12 ապրիլ, 2014

Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կանգնած են նոր գազային պատերազմի շեմինPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակով դիմել է Եվրամիության երկրների ղեկավարներին և զգուշացրել, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազի համար վճարումները չկատարելը կարող է սպառնալ դեպի Եվրոպա գազի տարանցմանն ու մատակարարումներին: Պուտինը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով միջոցներ ձեռնարկել ուկրաինական տնտեսության կայունացման և վերականգնման ուղղությամբ, այլապես երկրին սպառնում է դեֆոլտ:

Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փակել գազը Ուկրաինայի համար, սակայն ստիպված է անցնել կանխավճարային համակարգին, քանի որ Ուկրաինան տարվա սկզբից չի կատարել որևէ վճարում: Այսուհետ Ուկրաինան ստիպված կլինի նախապես վճարել մատակարարվող գազի համար:

2014թ.-ի ապրիլի 1-ից Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը կազմում է 485 ԱՄՆ դոլար 1000խմ դիմաց: Դրանից առաջ ռուսական գազը Ուկրաինա էր մատակարարվում 268,5 ԱՄՆ դոլար 1000խմ դիմաց: Ուկրաինայի կողմից պարբերաբար վճարումներ չկատարելու պատճառով ռուսական կողմը, համաձայն ռուս-ուկրաինական գազային համաձայնագրերի, չեղյալ է հայտարարել զեղջերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

2010թ.-ին Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրել են Խարկովյան համաձայնագիրը, որի համաձայն մինչև 2017թ.-ը ռուսական Սևծովյան նավատորմի տեղակայումը երկարաձգելու դիմաց Կիևը ստացել է ռուսական գազի համար 100 ԱՄՆ դոլար զեղջ: Սակայն ներկայում Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում են, և այդ համաձայնագիրը կորցրել է իր ուժը: Իսկ 2013թ.-ին, մինչև Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի 2014թ.-ի հունվարի 1-ից սկսած եռամսյա ժամկետով ռուսական գազը Ուկրաինա է մատակարարվել 1000խմ դիմաց 268 ԱՄՆ դոլար սակագնով:

Ուկրաինայի պահանջը

Բրյուսել կատարած այցի ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ անընդունելի է ռուսական գազի համար 485 ԱՄՆ դոլար սակագինը: Նա զգուշացրել է, որ եթե սակագինը չնվազի, ապա հարցականի տակ կդրվի Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը: Նախարարի խոսքով, Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքի մաս, ապա ընդգծել, որ Ռուսաստանը պետք է պահպանի Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի դիմաց ռուսական գազի 100 ԱՄՆ դոլար զեղջի շուրջ նախկին համաձայնությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի ներկրումը` օգտվելով Եվրոպայից գազի ռեվերսային մատակարարումներից, որոնց սակագինը 350-400 ԱՄՆ դոլար է: Նա պնդել է, որ ռուսական գազի համար 100 ԱՄՆ դոլար զեղջի դեպքում սակագինը եվրոպական միջին գին է, որը պատրաստ է Ուկրաինան ընդունել:

Նշենք, որ Ռուսաստանից ներկրվող գազը ապահովում է Ուկրաինայի պահանջարկի մոտ կեսը և Եվրամիության պահանջարկի մեկ երրորդը, ընդ որում դեպի Եվրոպա մատակարարվող գազի մոտ 50%-ը ապահովվում է Ուկրաինայի տարածքով: Այդ առումով մի շարք փորձագետներ Եվրոպայից գազի ռեվերսային մատակարարումը համարում են տնտեսական աբսուրդ, քանի որ դրանք կայուն չունեն, կարող են ապահովել Ուկրաինայի պահանջարկը ժամանակավորապես, իսկ կախված տարվա եղանակներից` սակագները էականորեն բարձրանում են` գերազանցելով ռուսական գազի սակագինը:

Ընդ որում եվրոպական երկրներում գործում են տարբեր սակագներ: Նախկինում ևս Ուկրաինան փորձել է Եվրոպայից ստանալ ռեվերսային մատակարարումներ, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել ներկրումը, օրինակ Լեհաստանից, որտեղ գազի սակագինը անհամեմատ բարձր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ