14:36 , 17 հուլիս, 2012
Վերջերս ինտերնետում տարածվել էր «Չենք լռելուի» հոլովակն արտագաղթի մասին, ու շատերը ոգևորված շեյր էին անում: Դրան ի պատասխան Սեդրակ Մկրտչյանը հոդված գրեց, որը նույնպես ոգևորված շեյրվեց: Հետո քննարկումներ ծավալվեցին:
Հոգնել եմ անընդհատ նույն թեմայով խոսելուց, բայց տեսնելով, թե ոնց են արտագաղթողին ներկայացնում տարբեր կողմեր, թե ինչ անուններ են կպցնում նրանց, որոշեցի ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին:
Նախ, մի երկու խոսք հոլովակի մասին: Անկեղծ ասած, որպես Հայաստանից գնացած, որպես Հայաստանից գնացող բազմաթիվ ընկերներ ունեցող բավական վիրավորվեցի՝ տեսնելով, թե ինչպես են մեզ ներկայացնում: Մեզնից ոչ մեկը որևէ օլիգարխի պատճառով չի գնում, ոչ մեկն էդքան խղճալի ու լացացնող կարգավիճակում չէ, ու մեր «վատ կյանք» ասածը բավական տարբերվում է տեսահոլովակում ներկայացվածից:
Սեդրակ Մկրտչյանի հոդվածի շատ կետերի հետ համաձայն եմ. օրինակ, որ հայ համայնքները դրսում երկար կյանք չեն ունենալու, որ դրսում էլ լավ ու վատ գա, ինչպես Հայաստանում: Այնուամենայնիվ, պիտի շեշտեմ, որ ցանկացած արտագաղթող իր պատմությունն ունի, որ Հայաստանից գնալը կամ մնալը յուրաքանչյուր մարդու անձնական գործն է, որքան էլ արտագաղթը հարվածի պետությանը:
Քննարկումներում հաճախ պիտակներ են կպցնում գնացողներին: Եթե մեկը ոչ մի դեպքում չէր արտագաղթի, դեռ չի նշանակում, որ պետք է գնացողին քննադատի, մեղադրականներ ներկայացնի, որովհետև երբեք չի կարող ասել, թե կոնկրետ անձը որտեղից է գալիս ու ինչն է նրան Հայաստանից դուրս ուղարկել:
Բոլորս էլ ունենք կարծիքներ, լավ կյանքի մասին պատկերացումներ, բաներ, որոնք կանեինք կամ այլ բաներ, որ չէինք անի: Օրինակ, ես երբեք ինձ թույլ չէի տա որևէ երկրում որպես ապօրինի ներգաղթող մնալ ու սև գործով գլուխս պահել, ու եթե դրսում եմ, ուրեմն պիտի իմ կրթությամբ վաստակեմ: Բայց սա իմ սկզբունքն է, որովհետև իմ ազատությունն ինձ համար ամենակարևորն է. չեմ կարող հանդուրժել, որ իմ տեղաշարժը սահմանափակվի: Այնուամենայնիվ, չեմ փորձում քննադատել այս ուղին ընտրած մարդուն, որովհետև նա ուրիշ սկզբունքներ, ուրիշ պատմություն ունի:
Սեդրակ Մկրտչյանը գրում է. «Անցած տարի սփյուռքի մի շարք հայկական կազմակերպությունների անդամների հետ հանդիպման ժամանակ մեկ հիմնական դրույթ էր հնչում. «Հայաստանում ստեղծեք պայմաններ, որ գանք աշխատենք»: Պատասխանը մեկն է. եթե դրսում սպասեք, թե երբ ուրիշները պետք է ստեղծեն աշխատատեղեր, որ այնուհետև գաք, հավերժ կսպասեք»:
Ինչ-որ իմաստով համաձայն եմ, որ պայման ստեղծողը մենք ենք, որ ոչ մի բան երկնքից չի ընկնելու, բայց երբ գնահատում ես քո ոլորտի վիճակը, ծանրութեթև անում, հասկանում ես, որ մի հոգին, մի կյանքը բոլորովին բավարար չէ պայմաններ ստեղծելու համար: Մտածում ես՝ տատիկ-պապիկներս, ծնողներս հավերժ պայքար են մղել Հայաստանում, ես էլ կյանքիս առաջին մասն էդպես եմ ապրել, բայց ինչքա՞ն կարելի է: Մի համակուրսեցի ունեմ, որը նույնպես պատրաստվում է հեռանալ, ասում է՝ մենք էն ծնողների էրեխեքն ենք, որոնք 90-ականներին ընտրեցին մնալը: Ու մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր խնդիրը ոչ թե օրվա հաց վաստակելն է, այլ Հայաստանում հեռանկար չտեսնելը:
Եվ ընտրում ենք պայման ստեղծելու մեկ այլ տարբերակ՝ հաստատվելով արտերկրում, պատրաստ լինելով վերադառնալ, երբ պատկերացում կունենանք, թե ինչը կարող ենք փոխել, պատրաստ լինելով նաև չվերադառնալ ու օտարի տունը շենացնել: Մյուսների մասին չգիտեմ, բայց մենակ մի բանի պատրաստ չեմ. իմ երեխաները պիտի հայ մեծանան: Ու եթե նման հարց առաջանա (եթե ուզենամ երեխաներ ունենալ), անպայման գալու եմ Հայաստան՝ անկախ ամեն ինչից:
Հ.Գ. Իսկ արտագաղթողներին զանազան պիտակներ կպցնողներին (սկսած քոչվորից, վերջացրած թույլ ու ամբիցիոզով) ու մեզնից պատճառներ, արդարացումներ պահանջողներին առաջարկում եմ մտնել բլոգս, կարդալօրդինատուրա պիտակի գրառումները: Դրանց մեծ մասը կողպեքի տակ են, բայց պատրաստ եմ ձեզ ավելացնել ընկերներիս մեջ: Ավելի լավ չեմ կարող գրել գնալուս պատճառների մասին: