Բրավո, Մաեստրո. Սերժ Թանկյան` ամենաֆենոմենալ ռոք-վոկալիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


04:20 , 12 ապրիլ, 2014

Բրավո, Մաեստրո. Սերժ Թանկյան` ամենաֆենոմենալ ռոք-վոկալիստ. մաս 5Armnewstv.am-ը գրում է. 

Սերժ Թանկյանն աշխարհին ամենահայտնի հայերից մեկն է ու ամենաֆենոմենալ ռոք-վոկալիստը: Նրան գնահատում են նախ տաղանդի, հետո քաղաքական հստակ հայացքների և քաղաքացիական դիրքորոշման համար: Նրա մասին խոսելիս հայտարարում են` Թանկյանի տաղանդն ուղղակի ցնցող է` ամեն դրսեւորման հետ միասին: Սերժ Թանկյանը Հայաստան եկել է երկու անգամ 2010-ի եւ 2011-ի օգոստոսին: Առաջինը մի քանի ժամով էր, երկրորդն` 9 օրով: Թանկյանին այստեղ ընդունեցին գրկաբաց, ծափողջյուններով ու նոր այցերի ակնկալիքով: Իսկ ամենաապշեցնողը, առաջին այցից առաջ հանրահավաքն էր հանուն Թանկյանի` ռոք-երաժիշտները պահանջում էին ռոքերի այցը Հայաստան:
Մարիլու Փափազյանից հինգ րոպե ու մի քանի վայրկյան է պահանջվում Սերժ Թանկյանի` իր ամենասիրելի երգը գտնելու համար: Երգի ընտրությունը չի փոխել նույնիսկ Թանկյանի հետ ընկերությունն ու գործընկերությունը: Ուղղակի Թանկյանը մի քիչ ավելի մոտ է դարձել: Իսկ մինչև մտերմությունը, ռոք ֆրոնթմենը երկու անգամ Հայաստան եկավ: Երկրորդից հետո` դարձավ Թումոյի խորհրդի անդամ ու բարեկամ: Ու մինչ Սերժը Թանկյան որոշում էր Հայաստան գալ, թե ոչ, ամեն ինչ սկսվեց հանրահավաքից, ոչ մարդաշատ: Կոչը Թանկյանին տեղ հասավ, ի պատասխան էլ երգիչը ազդանշան ուղարկեց` երգի տեսքով, հոր հետ միասին: Հայտարարվեց.` Թանկյանը Հայաստան է գալու, ոչ արագիլների հետ, բայց մինչեւ նրանց չվելը: Այցի ու համերգի կազմակերպիչը սկսեց նախապատրաստվել պրոցեսը` այցը երկու օրով էր, բացթողումները պետք է բացառվեին: Թանկյանը ժամանեց մեկուկես օրով, խիստ հագեցած գրաֆիկով, բայց լայն ժպիտով ու շփման պատրաստ: Լրագրողների հետ պարտադիր հանդիպումից րոպեներ անց արդեն համերգի փորձն էր: Ու այստեղ էր, որ հայ կազմակերպիչները բացահայտեցին իսկական պրոֆեսիոնալին: Համերգից առաջ, Թանկյանն ասաց, որ երաժշտության միջոցով ինքն արտահայտվում է ու արտահայտում է քաղաքական իր հայացքները: Գրեթե երեք ժամ տեւած համերգի ներկաները ռոք սիրողներ էին ու մարդիկ, որոնք եկել էին Թանկյանի համար: Տոմսով, թե անտոմս, ամեն մեկն իր հետ բերել էր ռոքային իր էներգետիկան: Ռոքլսարանի հեռանալուց հետո, համերգասրահում մնաց Սերժ Թանկյանն ու կազմակերպչական խումբը: Մի քիչ խոսեցին ու նույնիսկ հասցրեցին լուսանկարվել հայկական ամենահայտնի դիրքերից մեկով` կքանստած: Հետո արդեն, դահլիճից փողոց տանող ճանապարհին էլի հնչեց «Բարի արագիլը»: Այս անգամ առանց երաժշտության ու խոսափողի: 

Թանկյանը մեկնեց նախատեսված ժամին: Վերադարձավ մեկ տարի անց, ինչպես խոստացել էր: Էլի օգոստոսին երգիչը Հայաստան եկավ, բայց այս անգամ արդեն 9 օրով: Մենեջեր Ջորջ Թոնիկյանի հետ դոնորագրվեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում ու մյուսներին էլ կոչ արեցին միանալ: Սերժ Թանկյանի այցի նպատակը նաեւ Թումոյի բացումն ազդարարելն էր: Հաստատ որոշել էր` իր լուման կենտրոնի կայացման հարցում` պետք է ունենա: Եվ ունեցավ: Ամենատարբեր նախագծերից զատ, Սերժ Թանկյանը Թումոյի ներսում նաեւ այս բացառիկ երաժշտական ստուդիան բացեց: Բոլոր գործիքները` պարամետրերորվ ու տեղադրաման գծագրերով հենց Թանկյանն է նախագծել: Սերժ Թանկյանի վերջին համերգը Թումոյի կողքին անտոմս էր, մուտքն էլ ազատ: Ֆանատների նոր խումբ էր ձեւավորվել ` նախավերջին այցից հետո: Երեք ժամ տեւած համերգին հետեւեց նախորդ համերգների նույն հայտարարությունը` ինքն էլի կայցելի Հայաստան, իսկ այստեղից հեռու լինելու ժամանակահատվածը օգտագործելու է Հայկական հարցի մասին կոչերով:

  Ռոքից անցում սիմֆոնիայի, ռոք-սիմֆոնիա երաժշտական ոճի ստեղծում ու տարածում, սա Թանկյանի վերջին տարիների զբաղվածության գրաֆիկն է: Ֆրոնթմենն իր ունկնդիրներին ու նաեւ նրանց, ովքեր իրեն տանել չեն կարողանում` հայկական ծագման համար, ամեն հարմար առիթով հիշեցնում է` ինքը շարունակելու պայքարել հայկական հարցը բարձրաձայնելով, իսկ վերջին շրջանում նաեւ` Քեսաբի փրկության համար: Այնքան մեծ է Թանկյանի հեղինակությունը երաժշտական աշխարհում, որ նրա անունը կրող կիթառները ամենապահանջվածն են երիտասարդ ռոքերների շրջանում, իսկ 7 ալբոմները` երաժշտական աշխարհում ամենաշատ վաճառվածների թվում:

Հեղինակ` Լուսին Մկրտչյան