16:14 , 11 ապրիլ, 2014
ԱՄՆ-ի Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը, ինչպես նաև կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի փաստականացված իրողությունները՝ անպատիժ մնացած ցեղասպանության վերաբերյալ: Սրան արդեն արձագանքել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին ընդառաջ ողջունելով և կարևորելով այդ նախաձեռնությունը:
Ինչ ասեմ, լավ է արել մեր արտգործնախարարությունը, որ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին նման քայլի համար: Ասեմ ավելին, պետք է նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, առհասարակ ամերիկահայերին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այդ երկիրը պաշտոնապես ճանաչի 20-րդ դարում տեղի ունեցած մարդկության հանդեպ ամենադաժան ոճրագործություններից մեկը: Մյուս կողմից, պետք է մի քիչ էլ իրատեսություն ցուցաբերել նման հարցերում:
Այն, որ մենք պաշտոնապես դրան արձագանքել ենք և մեր դրական վերաբերմունքն ենք հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ, բնական է և ճիշտ: Այլ կերպ ասած՝ ուրիշ որոշում ես չէի էլ սպասում, ի վերջո հո մենք չէի՞նք ասելու ԱՄՆ-ին, թե հերիք է երեսպաշտություն անեք, մենք լավ էլ գիտենք, որ օրենքի նախագիծը այդպես էլ նախագծի մակարդակում է մնալու՝ ելնելով ինչ-ինչ պատճառնեից: Իհարկե, դա սխալ կլինի: Բայց դե մենք՝ հասարակ քաղաքացիներիս, մեր մեջ գոնե դա ասել կարո՞ղ ենք, թե՝ ոչ: Կարծում եմ՝ կարող ենք:
Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Միջազգային հանրության ձեռքում վաղուց դարձել է գործիք Թուրքիային ճնշելու համար: Մենք նաև հասկանում ենք, որ հիմնականում երկրները պաշտոնապես ճանաչում են ցեղասպանությունը՝ ելնելով իրենց պետական շահերից, այլ ոչ թե արդարության վերականգնման, կամ էլ նմանատիպ վերամբարձ մղումներից: ԱՄՆ-ն այս դեպքում բացառություն չէ: Այդ երկրի համար Թուրքիան հանդիսանում է դաշնակից և, մինչ այժմ ելնելով հենց այդ պատկերացումներից, ԱՄՆ-ն ցեղասպանության ճանաչման գործում մինչև վերջ չի գնացել: Իսկ այժմ, հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ն պատրաստ է հարաբերություններ փչացնել Թուրքիայի հետ՝ հանուն հայ ժողովրդի:
Այնպես որ, հաշվի առնելով անցյալի փորձն ու Թուրքիայի ներկայիս դիրքն ու դերը ԱՄՆ-ի համար, կարծում եմ՝ այս հարցը կրկին մտնելու է փակուղի: Ներեցեք ինձ իմ անկեղծության համար, բայց ես իրատես մարդ եմ և չեմ տեսնում որևէ օբյեկտիվ նախադրյալ, որը կդրդի ԱՄՆ-ի Կոնգրեսին այս անգամ գնալ մինչև վերջ: