Նիհարեցնող միջոցները սպառնալիք են առողջությանը


15:28 , 11 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Գիրությունը ճարպային հյուսվածքի ավելցուկ է, և գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որ քայքայում է այդ ճարպային հյուսվածքը: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ կա մեկ տարբերակ` լիպոսակցիան, սակայն կան առավել արդյունավետ և անվտանգ միջոցներ: 

«Միզամուղ միջոցներ կան, որ մարդուն հեղուկից են զրկում: Դա թվացյալ էֆեկտ է, ուրեմն` որքանո՞վ է դա ճիշտ: Սննդամթերքի յուրացումն արգելող միջոցներ նույնպես կան, որոնց վտանգավորության մասին կարելի է դատել անգամ ոչ մասնագիտական աչքով նայելիս: 

Պետք է հստակեցնել. մեր նպատակն ավելորդ ճարպային հյուսվածքի դեմ պայքարե՞լն է, թե՞ պարզապես քաշի նվազեցումը»,- ասաց նա` հավելելով, որ կանոնավոր կերպով լուծողական ընդունող անձինք կարող են կորցնել քաշը` անվերադարձ կորցնելով նաև առողջությունը, ստանալով հիվանդություններ: 

Էնդոկրինոլոգը նշեց, որ կան հակադեպրեսանտ միջոցներ ևս, որոնք կարող են ժամանակավորապես վերականգնել տրամադրությունը, միևնույն ժամանակ կախվածություն առաջացնել և վնասել առողջությանը: Դիետոլոգը ցավով նշեց, որ այս խնդրով տառապող մարդիկ գնալով ավելանում են, շատ են արդեն նաև երեխաները, ովքեր գիրությամբ են տառապում, մինչդեռ նրանց ծնողները պարզապես հպարտանում են դրանով: 

«Արդեն իսկ խնդիր ունեցողների համար չկան ցուցումներ, միջին վիճակագրական մարդու համար ևս կարևոր է առողջ սովորություններ ունենալը, սննդակարգը ճիշտ մշակելը. սնվել հաճախ, բայց փոքր չափաքանակներով, մեծ քանակությամբ ջուր օգտագործել, թարմ մթերքների հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալ: Մարդու քիմքը ֆաստֆուդի սովորելուց հետո չի կարողանում ճիշտ ընկալել առողջ սնունդը, ուստի դրան պետք է սովորել դեռ մանկուց»,- ասաց նա: