«Հայկական ժամանակ». Առաջիկա 2-3 օրերին Տիգրան Սարգսյանը կտեղափոխվի իր մի քանի բնակարաններից մեկը


09:00 , 11 ապրիլ, 2014

«Ինչպես տեղեկացրել էինք, կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրից դուրս գալուց հետո ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնակվելու տեղի մեծ ընտրություն ունի։

Վերջինս բնակարաններ ունի Երևանի Չարենց փողոցում, ըստ հայտարարագրի նաև Բաղրամյան պողոտայում, առանձնատներ Երևանի Տիգրան Վշտունի փողոցում և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում։ Վերը նշված հասցեներում մեր ճամփորդության արդյունքում վարչապետի հարևանները մեզ տեղեկացրին, որ նա տուն ունի նաև Երևանի Բայրոնի 3 հասցեում և մեծ հավանականությամբ՝ այնտեղ էլ կտեղավորվի։

Մեր զրույցում այս տարածքի բնակիչները հաստատեցին, որ Տիգրան Սարգսյանն այդտեղ տան ունի։ Բնակիչներից մեկը նշեց, որ արդեն իսկ սկսվել են նախապատրաստությունները ու առաջիկա 2-3 օրերին Տիգրան Սարգսյանը կտեղափոխվի. «Արդեն էստեղ ինչ-որ աշխատանքներ են տանում, կահույք են բերում, մանր-մունր բաներ։ Շենքը լիակատար պատրաստ է, ուղղակի մի քանի բան կա, որ պետք է բերեն։ Իր թիկնապահները, օգնականները էստեղ ավելի հաճախ են սկսել գալ, ու հիմնականում էնպես են գալիս-գնում, որ ոչ ոք չիմանա»,– նշեց մի բնակիչ հավելելով, որ սովորաբար վարչապետը շաբաթը մեկ-երկու անգամ լինում է էլիտար շենքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։