«Մերի Քեյ»-ը մեծ քանակությամբ «Կյանքի խոսք» աղանդի մասին գրականություն է ներմուծել. Ալեքսանդր Ամարյան


17:57 , 16 հուլիս, 2012

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրոնական ազատությունների մասին զեկույցում նշված է, որ Հայաստանում բնակվող ավելի քան 3մլն մարդկանցից մոտավորապես 90 տոկոսն է հարում Հայ Առաքելական եկեղեցուն, մնացածը համարվում են այլ կրոնական կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանում 350 000-360 000 հոգի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, որոնց 40 տոկոսը քայքայիչ աղանդների հետևորդներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 աղանդավորական կառույց, իսկ մոտավորապես 200 կրոնական կառույցներ պաշտոնական գրանցում չունեն:

«Աղանդների ներկայացուցիչներից ամենաքիչը մորմոններն են` մոտավորապես 2800 հոգի, իսկ ամենաշատը ավետարանչականներն են` 100 000-ից ավել»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նա նշեց, որ չնայած ՀՀ օրենքով արգելված է հոգևոր կառույցների` արտասահմանից ֆինանսավորումը, Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են արտասահմանից:

Բանախոսի խոսքով` կրոնական կազմակերպություններին ֆինանսավորում են նաև Հայաստանում ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունները. «Բոլոր քրիստոնեական կրոնական կառույցները ներգրավված են ցանցային մարքեթինգի մեջ: Ես ունեմ «Մերի Քեյ» կոսմետիկայի վաճառքով զբաղվող ընկերության ձայնասկավառակը, որտեղ հստակ գրված է` ինչպես նպատակ դնել, համոզել մարդկանց, ներքաշել նրանց կրոնական կազմակերպության մեջ»:

Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ նույն տարբերակը կա նաև մնացած ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերություններում. «Ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունների մեջ կան մեծ խմբեր, որոնք աղանդավորական կառույցներից են ներգրավված և չի բացառվում, որ այդ ցանցային մարքեթինգի միջոցով էլ կատարվում է կրոնական կազմակերպության ֆինանսավորումը. այդպիսիք են նաև «Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ» կոսմետիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները»:

Ասվածը ապացուցելու համար Ալեքսանդր Ամարյանը հիշեցրեց 2004թվականի «Մերի Քեյ» ընկերության հետ կապված դեպքը. ««Մերի Քեյ»-ը մինչև 2010 թվականում է Հայաստանում ապօրին է գործել, ապրանքները մաքսանենգության միջոցով են ներմուծվել: 2004-ին, երբ օդանավակայանում բռնեցին մաքսանենգության միջոցով տեղափոխվող «Մերի Քեյ» ընկերության ապրանքը, որի մեջ մեծ քանակությամբ «Կյանքի խոսք» աղանդի մասին գրականություն կար: «Մերի քեյի» ղեկավարներից մեկը խարիզմատիկ եկեղեցու «զոքանչն» է: «Մերի քեյում» կան լիդերներ, որոնցից մի քանիսը կրոնական կառույցի ներկայացուցիչներ են: Այնտեղ կան նաև մաքուր բիզնես անողներ»: