Նոր կառավարության կազմում հայտնվելու որոշ կուսակցականների ախորժակը արդեն շոշափելի է


13:08 , 10 ապրիլ, 2014

Նոր կառավարության կազմում հայտնվելու որոշ կուսակցականների ախորժակը արդեն շոշափելի է: Երբ այս կամ այն գործչին հարցնում են` «կուզենայիք ձեզ տեսնել նոր կառավարության կազմում»` առանց ավելորդ տեղը շոյվելու, օրինակ՝ ասում են «դե դեռ բան չեն առաջարկել, բայց եթե լինի, այո, ինչու ոչ, պատրաստ եմ և...»: Հետաքրքիր է՝ ինչից ելնելով են պատրաստ: Նախարարական պորտֆելների գրավչությանը չդիմանալո՞ւց, թե ինչ-որ տնտեսական հրաշքների մասին նոր հայտնագործություններ են արել: Անտրամաբանական է, երբ տարիներով համակարգի տարբեր օղակներում աշխատած, էս տեղից էն տեղը գնացած, մի կուսակցությունից մյուսը տրանսֆորմացված, ընդդիմադիրից պրո դարձած մարդը իրեն տեսնի այն կառավարության կազմում, որը ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ պետք է փոխի: Ստացվում է, որ երբ ներսում` ես պատասխանատվություն չես կրում, իսկ երբ դրսում ես` դառնում ես պատասխանատվության ջատագով: Ընդ որում` այդ կատեգորիայի մարդիկ մտքեր են արտահայտում «ազգային համաձայնության» կառավարության մասին` բնականաբար իրենց տեսնելով դրա շարքերում: Բայց այս մարդիկ մոռանում են մի կարևոր բանի մասին. «Ազգային համաձայնության» կառավարությունները, որպես կանոն, տեխնոկրատներից են բաղկացած լինում` հետևաբար հիմքում ոչ թե էս կուսակցությունից մյուսը գնալու վարպետությունն է լինում, այլ մասնագիտական վարպետությունը, իսկ դրանով քչերն են փայլում: