06:26 , 10 ապրիլ, 2014Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանում՝ 2013թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, իսկ սպանության մեջ մեղադրվում է 22-ամյա կինը։ Գործն արդեն դատարանի վարույթում է։
Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի՝ մամուլին հայտնած տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է անկողնային անհամաձայնություների պատճառով, որոնց հետևանքով էլ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 1-ին: Այդ օրը երեկոյան էլ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 22-ամյա Հեղինեն և տվել խոսոտովանական ցուցմունք:
22- ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննայի հետ տեղափոխել տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ: Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը:
Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատճառներին, ապա Հեղինեն իրավապահներին պատմել է, որ դեպքից շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի սկզբին, Ալեքսանդր Կլիմովն իր ներկայությամբ դանակով սպանել է իր նախկին կնոջը՝ Սյուզաննա Հովհաննիսյանին: Նա նաև ասել է, թե իբր սպանված կնոջ դիակը երկուսով թաղել են Լոռու մարզի Գետավան գյուղի գերեզմանատանը:
Նրա մատնանշած տարածքում, սակայն, իրավապահները դիակ չեն հայտնաբերել: Փոխարենը Սյուզաննա Հովհաննիսյանը ողջ և առողջ հայտնաբերվել է Դսեղ գյուղում, որտեղ ֆերմայում աշխատելու համար, իր խոսքով, Ստեփանավանից տեղափոխվել է դեռևս հունիսին: Կինը հավաստել է, որ նախկին ամուսինն իրեն երբեւէ դանակով չի սպառնացել, և, առավել ևս, չի հարվածել:
Հեղինեին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սպանության եւ սուտ մատնության համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Լուսանկարը վերցված է ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութից: