Այլ բան է ինտելեկտուալ միտք արարելը, բոլորովին այլ բան՝ այն իրագործելը


00:18 , 10 ապրիլ, 2014

Գուցե զարմանալի է, սակայն այս պահին վերընթերցում եմ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածը:
Հեղինակը հետաքրքիր դիտարկում է անում: Ըստ նրա՝ այլընտրանքը դա մարտահրավեր է աշխարհին, հեղափոխություն է մտածողության մեջ, իսկ այդպիսի հերոսներ Հայաստանում չկան: Կան մարդիկ, որոնք իշխանության են ձգտում՝ ապագայի միակ, արդեն իսկ իրականացվող, նախագիծը իրագործելու համար: Հետևաբար, պայքարի իմաստն էլ ոչ թե ապագայի, այլ արդեն իրագործվող նախագծի լավագույն իրագործման համար է: Ով էլ գա իշխանության գլուխ, կանի այն, ինչ արվում է արդեն այսօր, կգործի ավելի լավ կամ ավելի վատ, սակայն իրագործվող նախագիծը նույնը կմնա:
Ինչ խոսք, բավականին ինտելեկտուալ հոդված է, նաև ուսանելի: Չեմ թաքցնում հիացմունքս հոդվածում արծարծված մի շարք թեզիսների նկատմամբ:
Այդուհանդերձ, այլ բան է ինտելեկտուալ միտք արարելը, բոլորովին այլ բան՝ այն իրագործելը, մանավանդ, որ ունեցել ես դրա հնարավորությունը:
Ինձ մնում է հուսալ, որ երբևէ հնարավորություն կունենամ ընթերցելու Տիգրան Սարգսյանի «Ինչպես չիրականացնել հեղափոխություն» հոդվածը…