19:04 , 9 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության խմբի անդամները Ֆինանսների նախարարության շենքի առջեւ հավաքվեցին 12.30-ին: Հավաքվածներին նախ ներկայացրեցին` հավաքի նպատակն ու պատճառը: «ԴԵՄ ԵՄ»-ի ներկայացուցիչները ֆինանսների նախարարությունից պահանջում էին` էլեկտրոնային հաշվետվության ձեւից հանել պարտադիր կուտակային վճարների մասին տողը:
«ԴԵՄ ԵՄ»-ը հայտարարությունից հետո շարժվեց դեպի ֆինանսների նախարարություն` պահանջով, որ իջնի Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը եւ խոստանա , որ էլեկտրոնային հաշվետվությունից կհանվի «պարտադիր կուտակային վճարում» տողը: Ֆինանսների նախարարությունից պահանջեցին ակցիայի մասնակիցներին հուզող հարցերը գրավոր փոխանցել նախարարություն. մի քանի նամակներ հանձնվեցին ֆինանսների նախաարության նամակների բաժին: Ակցիայի մասնակիցները կրկին պահանջեցին հանդիպել Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ:
10-15 րոպե սպասելուց հետո ակտիվիստներն անցան Նալբանդյան փողոց ու նստելով գետնին` փակեցին մեքենաների երթեւեկը: Ակտիվիստները կրկին պահանջեցին, որ Դավիթ Սարգսյանը ներքեւ իջնի: Հանրապետության Ոստիկանապետի տեղակալների եւ Երեւանի ոստիկանապետի ուղեկցությամբ հավաքվածներին մոտեցավ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարը: Կարեն Թամազյանը ներկաներին փոխանցեց` Դավիթ Սարգսյանը կընդունի նրանց` միայն իր աշխատասենյակում: Ակտիվիստները դրան էլ չհամաձայնեցին:
Ավելի քան 3 ժամ ակտիվիստները նստած մնացին Նալբանդյան փողոցում, մինչեւ նրանց մոտեցան վարչապետի ու ֆինանսների նախարարի պաշտոնակատարները: Տիգրան Սարգսյանը ներկաներին հրավիրեց երկխոսության:
Վարչապետի պաշտոնակատարը նկատեց` ակցիայի մասնակիցները խախտում են մնացած անձանց իրավունքները:
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության խմբի անդամները դիմեցին Տիգրան Սարգսյանին` հինգշաբթի կառավարության նիստում անդրադառնալ խնդրին: Կառավարության պաշտոնակատարի ղեկավարը նրանց հրավիրեց քննարկման:
Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանը հեռացան: «ԴԵՄ ԵՄ»-ի ներկայացուցիչները Նալբանդյան փողոցը բացեցին երեկոյան 4-ին մոտ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ