17:19 , 9 ապրիլ, 2014
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքմենստանում: Ինչպես հիշում եք, նախագահը Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Այս հայտարարությանը, ինչպես և սպասելի էր, այսօր արձագանքել են նաև Ադրբեջանից:
Արձագանքողն արդեն երկար տարիներ մեզ ծանոթ Էլման Աբդուլաևն է՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: Ադրբեջանցի պաշտոնյան իր «արարողակարգային» հայտարարությունից այս անգամ ևս չի շեղվել և հերթական անգամ կրկնել է այն, ինչը մշտապես կրկնում են Ադրբեջանում` «Լեռնային Ղարաբաղն ու դրա հարակից տարածքները Ադրբեջանի անբաժանելի մաս են կազմում»: Վերջինիս խոսքերով՝ միջազգային հանրությունն արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյայի խոսքերով՝ ավելի լավ կլիներ, եթե այս պարագայում Սերժ Սարգսյանն իր եռանդն ու ջանքերը ներդներ հակամարտությունը կարգավորելու մեջ, այլ ոչ թե հանդես գար ապակառուցողական հայտարարություններով: Աբդուլաևը, վերջում նաև կրկնելով այն միտքը, թե իբր միջազգային հանրությունը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, հավելել է, թե իբր վաղուց արդեն ժամանակն է, որ պաշտոնական Երևանը ևս համակերպվի այդ մտքին:
Մարդ չգիտի անգամ՝ որտեղից սկսի մեկնաբանել այս խեղկատակությունը, բայց, ինչևէ, սկսենք սկզբից, բաց թողնելով, սակայն, այն մասը, որ Արցախն իբր իրենց տարածքն է: Սա վիճարկելը կամ էլ առհասարակ այս թեմային անդրադառնալը, կարծում եմ՝ վաղուց արդեն անլուրջ է: Մյուս կողմից, ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր միջազգային հանրությունն արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը և ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, ապա սրան չանդրադառնալ պարզապես չեմ կարող: Ինձ ուղղակի հետաքրքրում է, թե այդ ե՞րբ միջազգային հանրությունը հասցրեց նման դիրքորոշում արտահայտել, որ մենք էլ դրա մասին չիմացանք: Մեր հարևան երկրի հարգելի պաշտոնյան, թերևս, իրականությունն ըմբռնելու հետ որոշակի խնդիրներ ունի: Եկեք փորձենք օգնել:
Բանն այն է, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հենց այն պատճառով, որ Արցախի կարգավիճակը սովետի փլուզումից հետո, ես կասեի նույնիսկ դրանից դեռ մի քանի տարի առաջ, վիճելի է: Ես չգիտեմ, թե Ադրբեջանի պատկերացմամբ այդ որ «միջազգային հանրությունն» է ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մնացյալ աշխարհի ընկալմամբ և իրական, այլ ոչ թե երևակայական միջազգային հանրությունը, հակամարտության գրեթե սկզբից ի վեր ձևավորել է խնդիրը լուծելու համար հատուկ ձևաչափ, որի պարտականություններից մեկն էլ Արցախի կարգավիճակի հստակեցման համար աշխատանքներ, բանակցություններ վարելն է հակամարտող կողմերի հետ: Կարծում եմ՝ ավելորդ է անգամ նշել, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցույթամբ ձևաչափի մասին է:
Հետո, այդ ո՞վ և ո՞ւմ է մեղադրում ապակառուցողական հայտարարությունների մեջ: Մարդ ինչքա՞ն պետք է ցինիկ լինի, որպեսզի Հայաստանին մեղադրի ապակառուցողականության մեջ, և նույն այդ քննադատական հայտարարության մեջ անմիջապես ասի, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Բայց ախր սա էլ դեռ մի կողմ: Հետաքրքիր է, պարզապես իրենք գոնե մեկ-մեկ լսում են իրենց նախագահի հայտարարությունները, ով ոչ միայն խոսում է Արցախի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «ազատագրման» մասին: Այնպես որ, մեղադրել մեր նախագահին ապակառուցողական հայտարարություններ անելու մեջ պարզապես ծիծաղելի է, ոչ ավելին:
Ինչ վերաբերում է վերջին մտքի գոհարին, թե իբր լավ կլինի, որ պաշտոնական Երևանը, ասել է թե հայ ժողովուրդը, համակերպվի այն մտքին, որ Արցախը ադրբեջանական տարածք է, ապա շատ չխորանալով, կցանկանամ մի փոքր ձևափոխված ես էլ կոչ անեմ մեր ադրբեջանիցի հարևաններին` լավ կլինի, որ արթնանաք վերջին 26 տարվա քնից և համակերպվեք այն մտքին, որ Արցախն այժմ և այլևս մշտապես ազատագրված է, սակայն իր պատմական, իրական տերերի` հայ ժողովրդի կողմից:
Կարծում եմ՝ սրանից ավել ինչ-որ բան ասելու անհրաժեշտություն չկա: