Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել բյուջեից 5800 ֆունտ վատնելու համար


16:32 , 9 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Մարիա Միլլերը հրաժարական է տվել բյուջեից 5800 ֆունտի վատնման մեղադրանքի պատճառով: Այս մասին գրում է Ռոյթերզը:

Վարչապետ Դևիդ Քեմերոնին ուղղված իր նամակում Միլլերը հրաժարականի անհրաժեշտությունը բացատրել է այն բանով, որ սկանդալը խանգարում է կառավարության աշխատանքին: Վարչապետը հավանություն է տվել նրա որոշմանը:

Մշակույթի նախարարն ավելի վաղ հրաժարվում էր հեռանալ՝ չնայած մի շարք խորհրդարանականների պահանջներին: Միլլերը ներողություն է խնդրել Համայնքների պալատից, սակայն դա բավարար չէր: Պատգամավորներին դուր չի եկել, որ նրա ելույթը տևել է ընդամենը կես րոպե: Համացանցում ստորագրահավաք է սկսվել նախարարի հրաժարականի պահանջով, որը ստորագրել է 140 հազար մարդ:

Խորհրդարանական հանձնաժողովը պարզել էր, որ բյուջեից վերցրած միջոցները նախարարն օգտագործել է հիփոթեքային վճարների համար: Նախարարին ստիպել են վերադարձնել 5800 ֆունտը: