ԱՄՆ-ում դելֆիններն ու կրիաները շարունակում են սատկել՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից հետո


11:16 , 9 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

2010 թվականի ապրիլին Մեքսիկական ծոցում BP ընկերության նավթահորատման Deepwater Horizon հարթակում պայթյունից հետո տեղի ունեցած նավթի արտահոսքը դեռևս կործանարար ազդեցություն է թողնում ֆաունայի վրա: Այսպիսին են «Վայրի բնության պաշտպանության ազգային ֆեդերացիա» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության տվյալները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Վթարից հետո ջուրն էր լցվել մոտ 5 մլն բարել նավթ: Դրա հետևանքով զգալիորեն ավելացել էր մահացությունը 14 կենդանատեսակների շարքում:

Բնապահպանների տվյալներով՝ 2010-ի ապրիլից նկատվել են 900 մահացած կամ ափ նետված դելֆիններ: Իսկ այն դելֆինները, որոնք ապրում են ծոցի աղտոտված շրջաններում, տառապում են թոքերի ու լյարդի բազմաթիվ հիվանդություններով ու առանձնանում դանդաղաշարժությամբ ու մարմնի փոքր կշռով:

Զեկույցում նաև ասվում է, որ վթարից հետո ամեն տարի հայտնաբերվում են մոտ 500 սատկած ծովային կրիաներ: