00:31 , 9 ապրիլ, 2014
Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց վերջինիս վարույթը կարճել:
Միևնույն ժամանակ դատարանը համաձայնեց ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրի հետ և իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, նկատի ունեցավ, որ շրջանառության մեջ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը, որում անպայման պետք է հաշվի առնվեն ՍԴ իրավական դիրքորոշումները և ՄԻՊ-ի կողմից «բարձրացված այս կարևորագույն խնդիրը օրենսդրական իր լուծումն ունենա՝ հետագա հայեցողական լայն մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ինչպես
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, վիճարկվող 37-րդ հոդվածով՝ «Վարչական տույժ նշանակելու ժամկետները», մասնավորապես, սահմանվում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, արձանագրեց, որ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցը գլխավորապես հանգում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առկա կարգավորումների պայմաններում «վարչական պատասխանատվության ենթարկված անձը վարչական մարմնի կողմից իրավախախտման շարունակվող և տևող որակվելու հանգամանքին հակադարձելու հնարավորություն չի ունենա, որովհետև հստակ չի կարող ընկալել, թե կոնկրետ ո՞ր դեպքում իր կողմից կատարված իրավախախտումը ինչո՞ւ է վարչական վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել տևող կամ շարունակվող»:
Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, փաստ է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված չեն «տևող և շարունակվող իրավախախտում» եզրույթները: Իրավական ակտերի մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ, կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտում պետք է տրվեն դրանց սահմանումները:
«Գործի նյութերից ակնհայտ է նաև, որ ապարդյուն են անցել ՀՀ մարդու իիրավունքների պաշտպանի փորձերը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա կիրառման հարցում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանումներ ստանալու առումով: Տվյալ դրույթի առնչությամբ պաշտոնական պարզաբանում տալու հարցում հիշյալ մարմինները իրենց չեն համարել որպես լիազոր մարմին: ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ՍԴ ներկայացված տեղեկանքի համաձայն, վեճի առարկա իրավադրույթների վերաբերյալ դատական պրակտիկա ձևավորված չէ, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ հարցի առնչությամբ նախադեպային նշանակության որևէ որոշում չի կայացվել»,-ընդգծեց Գ.Հարությունյանը:
ՍԴ-ն արձանագրեց, որ առկա հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա նորմի տարակերպ մեկնաբանություններով, այլ պարզապես օրենսդրի կողմից օրենքում կիրառված հասկացությունները հստակեցված չեն, առկա է իրավակարգավորման բացը, որը պետք է հաղթահարվի Ազգային ժողովի իրավասության շրջանակներում: