Արևմուտքի հետ դեինտեգրումն արդեն շատ հեռուն է գնացել, ու, կարծես, Ռուսաստանին սկսել է դուր գալ ինքնուրույն լինելը


18:28 , 8 ապրիլ, 2014

ԵԽԽՎ-ն այսօր կողմ է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը մեկ տարով ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու որոշման օգտին՝ ի բողոք Ղրիմի անեքսիայի: Բայց խորհուրդ չեմ տալիս մեր արևմտամետներին ուրախանալ, որովհետև դեռ հարց է, թե ով ում է վնասում:

Բանն այն է, որ ամեն նման քայլով Արևմուտքը իրենից ավելի ու ավելի է վանում Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի պարադոքսը այն է, որ Արևմուտքի հետ մերձ հարաբերություններից շահում էր միայն դրա կոռումպացված ու դավաճանական վերնախավը, իսկ հասարակ ժողովուրդը ու երկրի հզորությունը միայն տուժում էին:

Ռուսաստանին հիմա ուզում են դեռ ինչ-որ կերպ խաբել ու պահել եվրոպական պատրանքների գրկում, ու անգամ այս որոշումը «փափուկ ուժի» տարբերակն էր, որովհետև կար նաև ավելի չոր սանկցիաների փաթեթ, որի օգտին բավարար քանակությամբ ձայն հավաքել չստացվեց: Ասես Ռուսաստանին ազդանշան տան, թե մի նեղացեք, ձևեր ենք թափում, շուտով էլի կհաշտվենք:

Բայց Արևմուտքի հետ դեինտեգրումն արդեն շատ հեռուն է գնացել ու, կարծես թե Ռուսաստանին սկսել է դուր գալ ինքնուրույն լինելը: Ավելի վաղ ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը նախազգուշացրել էր, որ ցանկացած տեսակի սանկցիաների կիրառումը կբերի նրան, որ Ռուսաստանը դեմարշ կհայտարարի ու կբոյկոտի ԵԽԽՎ-ն, իսկ այժմ ավելի լուրջ սպառնալիքներ են հնչում՝ ընդհուպ մինչև ԵՄ-ի հետ ցանկացած տեսակի համագործակցության աստիճանական մինիմալացում ու ընդգծված պետական քաղաքականության գիծ, որով մասնավորապես ասվելու է, որ «Ռուսաստանը Եվրոպա չէ»: