Նոր վարչապետին դժվար ժամանակներ են սպասվում


13:59 , 8 ապրիլ, 2014

Վարչապետի թեկնածուների մարաթոնյան մրցավազքը լրատվամիջոցներում շարունակում է, և որքան էլ նախորդ շաբաթվա վերջում շրջանառվող թեկնածուների ցուցակում «ինքնաբացարկներ» են արձանագրվել և լրատվական դաշտում հավակնորդների հարցում որոշակի հստակեցում է նկատվում, այնուհանդերձ դժվար է ասել, թե նախագահը որոշում կայացնելիս, ի վերջո, ում կտա նախապատվությունը:

Հասկանալու համար, թե ով է նախագահի թեկնածուն վարչապետի պաշտոնում, պետք է իրավիճակը դիտարկել նախագահի վերջին հայտարարությունների համատեքստում:

«Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- դեռ նախորդ շաբաթվա վերջում Կենտրոնական բանակ կատարած շրջայցի ժամանակ հայտարարել էր հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ նախագահը նոր վարչապետի վրա խնդիր է դնելու կառավարությունում արմատական փոփոխություններ կատարել, ինչը ենթադրում է, որ կառավարության անդամների առնվազն կեսը փոփոխության են ենթարկվելու:

Նոր վարչապետին դժվար օրեր են սպասվում. նա ոչ միայն պետք է կարողանա տնտեսական աճ ապահովել, շարունակել բարեփոխումների գործընթացը, այլև որ ամենակարևորն ու բարդն է` վերականգնել քաղաքացիների վստահությունը կառավարության գործունեության վերաբերյալ:

Երկրորդ՝ Մաքսային միությանը միանալու, ապա Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու գործընթացը ակտիվ փուլ է թևակոխել, այս տեսանկյունից ևս, նոր վարչապետը բավականին լուրջ անելիքներ ունի:

Բավականին հաճախ Հայաստանում առանցքային պաշտոնյաների նշանակվումը փորձ է արվում դիտարկել Արևմուտքի կամ Ռուսաստանի «մարդը» լինելու համատեքստում: Հասկանալի է, որ այս կամ այն թեկնածուն Արևմուտքի կամ Ռուսաստանի համար կարող է լինել ընկալելի կամ անընդունելի, սակայն ով էլ Հայաստանում առանցքային պաշտոնում նշանակվի կամ ընտրվի, անշուշտ, պետք է հաշվի նստի այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում և աշխարհում առանցքային դերակատարություն ունեն, ինչպես նաև արտաքին խաղացողների հետ հարաբերվի այն տրամաբանությամբ ու խորությամբ, ինչն արտացոլված է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում: