Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքում պոռթկում է. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ???»


03:17 , 8 ապրիլ, 2014

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքում պոռթկում է. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ???»Aravot.am-ը գրում է.

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով հանրությանն անհայտ ՌԴ քաղաքացի, արաբագետ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Սոցցանցերում այս առնչությամբ թեժ քննարկումներ եւ հարցադրումներ են, թե ինչացո՞ւ է Անդրանիկ Արզումանյանը, որ դարձրին տնօրեն:

Երբ դեռ տնօրենի անունը հայտնի չէր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մրցույթի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց նախարարին, ինչն ակնհայտորեն Հասմիկ Պողոսյանին բարկացրեց:

Aravot.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Դուք կասկածնե՞ր ունեք մրցույթի անցկացման հետ կապված, որ նման հարցեր ուղղեցիք եւ բարկացրեցիք նախարարին: Երգչուհին պատասխանեց.

«Ես, որպես պատգամավոր, առավել եւս՝ մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, կարծում եմ, որ պիտի իրավասու լինեի իմանալու 9 թեկնածուների ծրագրերը: Դա պիտի վերաբերվեր ինձ, չէ՞: Ես միայն  մեկին եմ ծանոթ, մի ծրագրին: Շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ հենց այն մարդու ծրագրին, ում թեկնածությունը ես, օրինակ, կպաշտպանեի»:

Խոսքը Բարսեղ Թումանյանի մասին է: ԱԺ-ում նախարարն ասաց, որ մյուսներն էլ են ծրագիր ներկայացրել: Շուշան Պետրոսյանի խոսքերով՝

«Ախր ես Վանգան չեմ, որ հեռվից զգամ դա: Գրեթե բոլորին ճանաչում եմ, մեկը ներկայացնում է մոդեռն օպերայի տեսլականը, բայց առանց հիմքի ի՞նչ մոդեռն օպերա: Շատ լավ գիտեմ, տեսել եմ աշխարհի տարբեր օպերաներում հրաշալի ներկայացումներ, բայց դրանք հիմք ունեցող օպերաներ են, ստաբիլ աշխատող: Այսինքն, օպերաներ են թե՛ իրենց կարգավիճակով, թե իրենց մշտական հանդիսատեսով, թե՛ որակյալ ներկայացուցիչներով: Այսինքն, հեղհեղուկ բան է մոդեռն օպերայի մասին խոսել՝ չունենալով հիմքը: Մեկի օրինակն այդպիսին էր, մյուսն ընդհանրապես հրաժարվել էր ներկայացնելուց, մինչեւ որ ՊՈԱԿ-ը ինքը կբացի այդ փաթեթը, գաղտնի էր պահում: Ես կարծում եմ, որ այս ձեւն առհասարակ սխալ է: Ո՞նց կարելի է մեզ համար այդքան կարեւոր օպերային տաճարի տնօրեն ընտրել այդ ձեւաչափի մեջ: Մշակույթի բանիմաց մարդիկ իսկապես պետք է իրենց կարծիքը տան: Օրինակ, պետք է «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքը, ինձ շատ հետաքրքիր է: Ինքը երաժիշտ է եւ շատ լավ գիտի ոլորտը, գիտի ինչ է պետք, մտավորական է եւ մշակույթի մարդ»:

Մեր հարցին, թեկնածուների մեջ կա՞ն անարժան մարդիկ, որոնք հարմար չեն այդ պաշտոնին՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց.

«Արժանիքների մասին խոսել չեմ կարող, բայց կարող եմ օբյեկտիվորեն դատել մի իրավիճակ, երբ 2 համերգային դահլիճների տնօրեններն են հայտ ներկայացնում, ընդ որում, որեւէ երեւելի բան այդ համերգային դահլիճներից ես չեմ լսել այս 3-4 տարվա ընթացքում՝ նրանց տնօրինության տարիների ընթացքում: Ինձ թվում է, դա շատ հավակնոտություն եւ համարձակություն է նրանց կողմից այդպես միանգամից ներկայացնել իրենց ցանկությունը՝ Օպերայի թատրոնի տնօրեն դառնալու»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ շատ կարեւոր մարդիկ են Բարսեղ Թումանյանին նշում՝ որպես լավ տնօրեն.

«Գիտեք, Բարսեղ Թումանյանն իմ ընկերը չի: Ընդամենը ինձ համար ծանոթ է, օպերային ներկայացումներից գիտեմ միայն: Ես կռիվ չեմ տալիս իր համար, որովհետեւ ինքը իմ ընկերն է: Ես օբյեկտիվ մարդ եմ եւ մտածում եմ Օպերայի մասին: Նա մարդ է, որն աշխատել է այդ ձեւաչափի մեջ աշխարհի բոլոր առաջատար օպերաներում...»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ