Ճապոնիայի վարչապետը ջանում է փոխել տարածաշրջանում ուժային բալանսը


17:19 , 7 ապրիլ, 2014

Ճապոնիայում վերջին հարցումները ցույց են տալիս, որ ռազմական ոլորտին վերաբերող սահմանադրական փոփոխություններ անելու համար գործող վարչապետ Սինձո Աբեն չի վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը: Բանն այն է, որ վարչապետ դառնալուց ի վեր Աբեն մշտապես բարձրաձայնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը: Հիմնական առաջարկը վերաբերում է «Կոլեկտիվ ինքնապաշտպանության» մասնակցելու արգելքը հանելուն: Ըստ Ճապոնիայի սահմանադրության, որն ԱՄՆ-ի ճնշմամբ ընդունվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդ երկիրը չի կարող մասնակցել միջազգային  որևէ առաքելության և բացառապես ինքնապաշտպանության նպատակով խստորեն պետք է օգտագործի իր ռազմական հնարավորությունները, սակայն այդ ինքնապաշտպանության հնարավորություններն էլ իրենց հերթին բավականին սահմանափակ են:

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 63%-ը դեմ է վերը նշված արգելքի հանմանը և սահմանադրական փոփոխություններին: Բանն այն է, որ դեմ են ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս` անմիջական հարևանների շրջանում. զուգահեռ հարցման արդյունքում պարզվել է, որ դեմ է նաև Չինաստանի և Հարավային Կորեայի բնակչության համապատասխանաբար 95%-ը և 85%-ը:

Հասկանալի է, որ Սինձո Աբեի հիմնական նպատակը ոչ այնքան զուտ և ինքնանպատակ միջազգային առաքելություններին մասնակցելու մեջ է, այլև բանակաշինությանը նոր որակ և թափ հաղորդելու մեջ է: Նա իր ելույթներում բազմիցս նշել է, որ Ճապոնիան լինելով տնտեսական առումով գերտերություն, ռազմական առումով գաճաճ պետություն է: Այլ կերպ ասած՝ վարչապետը մշտապես բարձրաձայնում է տնտեսական և ռազմական հարթությունների անհամարժեքության հարցը և գտնում է, որ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում Ճապոնիան գտնվում է բավական խոցելի վիճակում:

Կարծում եմ՝ վարչապետ Աբեի մտահոգությունն ու առաջարկները, կապված կոնկրետ ռազմական ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության հետ, բնական են և արդիական: Օրինակ՝ Չինաստանի աճող հզորությունը թե´ տնտեսապես, թե´ ընդորում ռազմական տեսանկյունից ուղղակի սպառնալիք են Ճապոնիայի համար, առավել ևս այն դեպքում, երբ առկա է Սենկակու կղզիների շուրջ հակամարտությունը: Էլ չեմ խոսում Հյուսիսային Կորեայի մասին: Հենց այդ երկիրը ինչ-որ միջուկային փորձարկումների է անում, Ճապոնիան խուճապահար է լինում և օգնություն մուրող հայացքով շրջվում է դեպի ԱՄՆ:

Ինչևէ, որոշումը ճապոնացիներինն է և այդ երկրի ղեկավարությանը: Այսօրվա դրությամբ, ինչպես քիչ առաջ նշեցի, բնակչության մեծամասնությունը կողմ չէ ստատուս քվոյի փոփոխությանը: Այնպես որ, Սինձո Աբեի, թեկուզև խոհեմ, բայց միևնույն ժամանակ ամբիցիոզ ծրագրերը առայժմ թերևս մնան օդում կախված: