Դեդ Հասանի սպանության կազմակերպիչներն Իտալիայում դատարանի առջև են կանգնել այլ հանցագործությունների համար


12:10 , 7 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Իտալիայի Բարի քաղաքում սկսվել է Եվրոպայում ռուսական մաֆիայի առաջնորդների, մասնավորապես ազդեցիկ «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի դատը: Նրանք մեղադրվում են հանցավոր միության ստեղծման և փողերի լվացման համար: Նրանց հեռախոսազրույցների գաղտնալսման ընթացքում կարաբիներները պարզել են, որ հենց նրանք են կազմակերպել Մոսկվայում Ասլան Ուսոյանի սպանությունը: Մաֆիոզի սպանությունը, սակայն, նրանք չեն քրեականացնում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:

Դատարանում ստացված գործի նյութերից պարզ է դառնում, որ 2012-ի հունվարի 6-ին Բարիի հրապարակներից մեկում սպանվել է Ռևազ Չուրաձեն, որը գործարար և «օրենքով գող» Թեյմուրազ Չուրաձեի (Ալեկո) հայրն է: Այդ հանցագործության հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռևազն Իտալիայում ղեկավարել է Geotransit ltd ընկերությունը, որը զբաղվել է դեպի Վրաստան կոմերցիոն բեռների փոխադրմամբ: Այն մրցակցել է մեկ այլ կառույցի հետ, որը ղեկավարել է Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին): Կոմերցիոն բնույթի հակամարտությունը սրվել է այն պատճառով, որ Չուրաձեն ներառված է եղել Մերաբի թշնամի՝ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի կլանում: 

Իտալիայի ոստիկանությունն ուսումնասիրել է Ապենինյան թերակղզում մաֆիայի գործունեության բոլոր ոլորտները, գաղտնալսվել են մի քանի տասնյակ հեղինակությունների հեռախոսները: Արդյունքում կարաբիներները պարզել են, որ երկրում գործում են խմբավորումներ, որոնք զբաղվում ն կողոպուտով, շորթմամբ և այլ հանցավոր գործունեությամբ: Այդ խմբավորումները հիմնականում կազմված են վրացական ծագում ունեցող չարագործներից, իսկ հանցախմբերը ղեկավարել է «օրենքով գող» Բեսիկ Կուպրաշվիլին (Բեսո): Նա եղել է Իտալիայում հաստատված «օրենքով գողերի»՝ Մերաբի Ջանգվելաձեի առաջնորդած մի ողջ խմբի «կրտսեր գործընկերը»: Մերաբի «աջ ձեռքը»՝ «քրեական գեներալ» Թեմուրի Նեմսիցվերիձեն (Ցրիպա), պատասխանատու է եղել հանցավոր եկամուտների լվացման, «օրենքով գողերի» համար առաձնատների գնման և այլնի համար:

2013-ի հունիսի 18-ին Իտալիայի հայցով Եվրոպոլը Եվրոպայում անցկացրել է մասշտաբային հատուկ գործողություն Ջանգվելաձեի կլանի անդամների դեմ: Միաժամանակ Չեխիայում, Լիտվայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում ձերբակալվել է 18 հանցագործ, այդ թվում 13-ը՝ «օրենքով գողեր»: Մերաբ Սուխումսկիին կալանավորել են Հունգարիայում: Ճաղերի հետևում են նաև Ցրիպան, Գիվի Գորդելաձեն (Գիվի Տոլստիյ), Ռոին Ուգլավան (Մատեևիչ), Թամազ Կորոշինաձեն, Ռամազ Ջինչարաձեն և այլք:

Իտալիայի իշխանություները հետախուզում էին հայտարարել «օրենքով գողերի» մեկ այլ խմբի դեմ՝ Ջեմալ Միքելաձե (Ջեմո), Կոբա Ախվլեդիանի (Կոբա), Լաշա Նիժարաձե (Լաշա Ցխալտուբսկի), Կախա Մակալաթիա (Կախա), Կախաբեր Պարպելիա (Կախա Գալսկի) և Ռովշան Ջանիև (Ռովշան Լյանքորանսկի): Վերջնիս հետախուզումն այնուհետ դադարեցվել է: Նրա փաստաբանները համոզել էին կարաբիներներին, որ նա Ջանգվելաձեի խմբավորման գործունեության հետ ուղղակիորեն կապված չէ:

Համաձայն գործի նյութերի՝ ձերբակալվածների դեմ առաջադրվել են անդրազգային հանցավոր միության ստեղծման, կողոպուտների կազմակերպման, շորթման, փողերի լվացման, կեղծ անձնագրերի կիրառման մեղադրանքներ: Ծանրացուցիչ հանգամանք է այն, որ հանցագործությունների մի մասն իրականացվել է զենքի կիրառմամբ: Բարիի դատախազը նրանց համար 4-10 տարվա ազատազրկում է պահանջել, մասնավորապես Ջանգվելաձեի համար՝ 10:

Հեռախոսազրույցների գաղտնալսման ընթացքւոմ կարաբիներները փաստացի բացահայտել են Դեդ Հասանի սպանությունը: 2012-ի սեպտեմբերի 18-ին Մերաբը մտերիմներին հավաքել էր Հռոմում: Նրանք քննարկել են պատերազմն Ուսոյանի կլանի դեմ: Այդ ժամանակ, իտալական ոստիկանության տվյալներով, տեղի է ունեցել հեռախոսազրույց Մերաբի և Տարիել Օնիանիի միջև (պատիժն է կրում ռուսական բանտում): Մերաբը նրան հայտնել է, որ «Օրենքով գողերը» վճռում են, թե ինչպես վարվել Ուսոյանի հետ: Այդ ժամանակ Տարոն կարճ արձագանքել է. «Ոչնչացրեք նրան, և բոլոր խնդիրները կանհետանան»: Ոստիկանությունում կարծում են, որ հենց այդ զրույցից հետո է կայացվել Դեդ Հասանի մահվան դատավճիռը: 2013-ի հունվարին Մոսկվայում նա սպանվեց դիպուկահարի արձակած կրակից:

Դրանից անմիջապես հետո ոստիկանները Տարոյի և Մերաբի ևս մեկ զրույց են որսացել, որի ժամանակ նրանք քննարկել են արդեն տեղի ունեցած սպանությունը: «Սա ծննդյան օր է բոլորիս համար: Մենք 100 քայլ արեցինք առաջ»,- ուրախացել են «քրեական գեներալները»: